Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանը: Ստորև ներկայացված է COVID-19 նկատմամբ թեստավորում իրականացնող լաբորատորիաների ցանկը: «Կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ ՊՇՌ հետազոտության նպատակով նմուշառում իրականացվում է Երևան քաղաքի գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում: Նշենք, որ ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում` համապատասխան լաբորատորիայի մասնագետների այցի միջոցով։ Մինչև հետազոտության արդյունքների բացասական պատասխանը ստանալը անձն իրավունք չունի լքելու ինքնամեկուսացման վայրը։ ՀՀ -ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների ցանկը սահմանված է ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.05.2020 թվականի թիվ 04-Ց ցուցումով»,- ասված է հաղորդագրության մեջ։