Հայկական կողմը տիրապետում է Թուրքիայի միջամտության մասին փաստեր պարունակող տեղեկատվության։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: "Հայկական կողմը տիրապետում է Թուրքիայի միջամտության մասին փաստեր պարունակող տեղեկատվության, մասնավորապես ադրբեջանական զինուժը թուրքական զենք է ունեցել։ Այս փաստերն արդեն կասկած չեն հարուցում։ Բայց կան փաստեր, որոնք հստակեցման կարիք ունեն. գրոհայինների մասին չեմ կարող պնդել, ավելի շատ ապացույցներ են պետք և ավելի վստահ կխոսենք", - ընդգծել է նա։ VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցնելով հարձակման շփման գծի ողջ երկայնքով։ Հայտնի է հակառակորդի կողմից ուղղաթիռների, տանկերի եւ անօդաչուների կորստի մասին։ Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: