Այս րոպեներին Բաղրամյան պողոտայում շարունակվում է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը: Բաղրամյանում կենտրոնացված են մեծ թվով ոստիկանական ուժեր: Երբ հանրահավաքի մասնակիցները Դեմիրճյան փողոցում էին, ոստիկանների և ցուցարարների միջև բախում սկսվեց: ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը բարձրախոսով հայտարարեց, որ ոստիկաններն են դիմում սադրանքների և հետագա գործողությունների համար ողջ պատասխանատվությունը հենց նրանց վրա է: Նշենք, որ ոստիկանությունը, ըստ էության, պատ է կազմել և փորձում է չթողնել երթին առաջ շարժվել Դեմիրճյանով դեպի կառավարական առանձնատներ, որտեղ տեղակայված է նաև Նիկոլ Փաշինյանի առանձնատումը: "Դիմում եմ ոստիկաններին. մենք առաջ ենք գնում, չենք մտնում Ազգային ժողով: Ձեր ուժերը հետ տարեք, մենք բախում չենք ուզում",- հայտարարեց Սաղաթելյանը: Նա նաև նշեց, որ իրենցից գործողություն էին պահանջում, ապաև հրավիրեց բոլորին գալ և միանալ իրենց, որպեսզի չթողնեն պատգամավորներն այսուհետ մտնեն ԱԺ: Ավելի վաղ Վազգեն Մանուկյանը հայտարարեց Ազգային ժողովի բոլոր մուտքերը շրջափակելու մասին։ Առաջարկ հնչեց, որ երկու վրան բերեն տեղադրեն ԱԺ մուտքի դիմաց՝ Դեմիրճյանի կողմից: Առաջարկն ընդունվեց ծափերով: Երթի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ "Ոստիկան, հետ գնա" և "Առանց Նիկոլ Հայաստան": Լարված իրավիճակը պահպանվում է: