Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ նախորդ շաբաթ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո՝ այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ շարունակում են հատուկ միջոցառումների իրականացմամբ մանրաձկան ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը։ Այսօր լճից դուրս է բերվել մանրաձկան ապօրինի 14 ցանց: Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով: Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է ևս մի քանի օր։ Հիշեցնենք, որ մինչև Կառավարության որոշմամբ նոր որսաշրջանի մեկնարկը, սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլը։