Միայն առաջին հայացքից է թվում, որ իշխանության կամայականությունները, ապօրինությունները քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների պարագայում հանրային դիմադրության չեն արժանանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Հատկապես վերջին ամիսներին, ընտրություններին ակտիվորեն ներգրավված ուժերի տարբեր ակտիվիստներին, համայնքների ղեկավարներին, թեկնածուներին, ընտրված պատգամավորներին քաղաքական ճնշումների ենթարկման փաստերը կտրուկ աճել են։ Իշխանությունները փորձում են օգտվել հետընտրական ապատիայի իրավիճակից և սրանց թվում է, որ այդ ամենն անհետևանք է մնալու։ Խորքում եռացող գործընթացներ կան, որոնք ինչ որ փուլում անխուսափելի իրադարձություների են հանգեցնելու, իսկ թե դրանք ինչ դրսևորում կունենան և երբ կլինեն քաղաքական իրադարձությունների ընթացքից է կախված», - ասված է նրա գրառման մեջ։