17.07.2025
Արցախում կարանտինը երկարաձգվել է. հանվել են որոշ սահմանափակումներ
24.12.2021
Արցախում կարանտինը երկարաձգվել է. հանվել են որոշ սահմանափակումներ

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու և այն վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև 2022թ.-ի մարտի 24-ը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից: Նախկինում կիրառված որոշ սահմանափակումներ հանվել կամ ավելի մեղմ պայմաններ են առաջադրվել: Փոփոխությունները մասնավորապես վերաբերում են հետևյալ կետերին՝ Հանրապետությունում ուսումնական գործընթացը լիարժեք վերականգնվում է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Հավաքների և այլ միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Միջոցառումների մասնակցության մասին համապատասխան դրույթներում հանվել է անձանց թվաքանակի սահմանափակումը: Աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվել է: Պատվաստումից հետո բժշկի ցուցումով անձը կարող է երկու օր մնալ տանը և չաշխատել: Հղի կանանց և ռիսկային գոտում գտնվող այլ անձանց աշխատանքը հնարավոր բոլոր դեպքերում կազմակերպել հեռավար: Ուժի մեջ են մնում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները, որոնց պահպանման հանդեպ լրացուցիչ վերահսկողություն է իրականացվելու: Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Արցախում կատարվել է 331 թեստավորում, արդյունքում 13 նոր դեպք է գրանցվել։ Այժմ 84 վարակակիր ստացիոնար բուժում են ստանում, 14 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 40-ինը՝ ծանր։ 1 օրում մահացել է 1 անձ։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսով վարակվելու 4722 դեպք է գրանցվել։