Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդռեզա Ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Փոխվարչապետը ողջունել է հյուրերին՝ նշելով բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման և խորացման կարևորությունը Հայաստանի համար: Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար հանդիպման սկզբում շեշտել է, որ Իրանը Հայաստանի հետ ունի բարձր մակարդակի քաղաքական և մշակութային հարաբերություններ: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել առևտրատնտեսական հարաբերությունները ևս զարգացնելու և քաղաքական հարաբերությունների մակարդակին համապատասխանեցնելու ուղղությամբ: Փոխվարչապետն անդրադարձել է Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի հնարավորություններին և նշել է, որ Հայաստանը, կարող է դարպաս հանդիսանալ դեպի ԵԱՏՄ մեծ շուկա, ինչն էլ իր հերթին կարող է հետաքրքրություն ներկայացնել իրանյան արտահանող բիզնեսների համար: Քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերն ու համագործակցության նոր հնարավոր ուղղությունները, մտքեր են փոխանակվել համատեղ հնարավոր արտադրությունների հիմնման շուրջ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է ԻԻՀ նախարարին բիզնեսի ընդլայնմանն աջակցելու և արտահանումը խթանելու ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ու առկա գործիքակազմը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: