18.05.2025
Ներկայացվել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թ. ծրագրի կատարման  հաշվետվությունը
09.02.2022
Ներկայացվել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թ. ծրագրի կատարման հաշվետվությունը

Ազգային ժողովը փետրվարի 9-ին քննարկել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծ: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է հաստատել Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը: Զեկուցողն ընդգծել է, որ հաշվետվությունն ընդգրկում է 2020 օրացույցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ մասնավորեցման արդյունքները` ըստ առանձին ընկերություններում կատարված ներդրումների եւ պրոֆիլի պահպանման պահանջների: Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել են` ուղղակի վաճառքի ձեւով 1 եւ դասական աճուրդով 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը: Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 307 մլն 337 հազար դրամ: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում գտնված 3 առեւտրային կազմակերպություններից մեկինն ավարտվել է, որի արդյունքում մարվել է շուրջ 59 մլն 786 հազար դրամ կրեդիտորական պարտք: Օրինագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական դիրքորոշումը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը: