Մերձավանում հնչած կրակոցների և սպանությունների դեպքի վերաբերյալ նոր տեղեկություն չկա: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: Հարցին՝ արդյոք կա ձերբակալված, Սարգսյանը պատասխանել է. «Որևէ նոր բան չկա» Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է, կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: Ավելի վաղ հայտնել էինք Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը: Վերջինս Արծրուն Գալստյանն է: Սեպտեմբերի 25-ին նա գիտակցության էր եկել և հարցաքննվել: Տեսագրությամբ արձանագրվել էր, որ դիմակավորված անձը վազելով մոտեցել էր Վալոդյա Գրիգորյանին ու մյուսներին, կրակահերթ արձակել ու դիմել փախուստի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել էր տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։