7.07.2025
Ալեն Սիմոնյանին ուղեկցելու համար 110 հազար դոլար արժողությամբ երեք ամենագնաց ձեռք կբերվի
07.04.2022
Ալեն Սիմոնյանին ուղեկցելու համար 110 հազար դոլար արժողությամբ երեք ամենագնաց ձեռք կբերվի

Ազգային ժողովի աշխատակազմին կթույլատրվի ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի մարդատար ամենագնաց երեք ավտոմեքենաներ խորհրդարանի նախագահ Ալեն Սիոմնյանի BMW 750Li ծառայողական մեքենային ուղեկցելու համար: Այս հարցը ներառված է առավարության`ապրիլի 7-ի նիստի օրակարգում, որի համար պետական բյուջեից հատկացվելու է 54 մլն դրամ (շուրջ 110 հազար դոլար): Նախագծում նշվում է, որ գործարքն իրականացվելու է մեկ անձից գնման ընթացակարգով` «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ից, որը նշված մոդելի համար «կիրառել է նաև լրացուցիչ զեղչեր»: Գնման հրատապությունը, ըստ նախագծի հիմնավորման, պայմանավորված է ողեկցող ավտոմեքենաների` առկա տեխնիկական բնութագրերին չհամապատասխանելու հանգամանքով: «ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.71 (2003թ. արտադրության, վազքը՝ 235334 կմ), (TOYOTA LC PRADO 4.0GA (2007թ. արտադրության, վազքը՝ 252884 կմ) և NISSAN X-TRAIL 2.01 (2008թ. արտադրության, վազքը՝ 271613 կմ)) մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ՀՀ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը: ՀՀ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար», - ասված է հիմնավորման մեջ: Նշվում է նաև, որ ԱԺ աշխատակազմը լրացուցիչ հիմնավորման համար դիմել է ՀՀ Պետական պահպանության ծառայություն՝ TOYOTA մակնիշի RAV 4 մոդելի ամենագնաց ավտոմեքենաների՝ որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահի անվտանգ տեղաշարժը ապահովող և նրան սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային ուղեկցող, շահագործման նպատակահարմարության հարցով, և ստացել դրական դիրքորոշում /պատասխան գրությունը կցվում է/: Նախագծով առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները ուղղել վերոգրյալ ավտոմեքենաների ձեռքբերմանը։ Հիշեցնենք` ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար 90 մլն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI դասի մեքենա ձեռք բերվեց: Պատճառը, ըստ պաշտոնական փաստաթղթերի այն էր, որ «նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել էր ծախսատար, և դրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս ոչ արդյունավետ»։ Գնումը կատարվեց առանց մրցույթի` մեկ անձից գնման ընթացակարգով, քանի որ «պահանջը տվյալ պահի դրությամբ համարվում էր հրատապ»: