Մայիսի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽ 132֊րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում Թուրինում հանդիպում է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձ են կատարել բարեկամական և ընդհանուր արժեքների վրա հիմված հարաբերությունների զարգացմանը, քաղաքական երկխոսության և բարձր մակարդակում փոխայցելությունների ակտիվացմանը։ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել Իսպանիայի կառավարության՝ Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու որոշման կապակցությամբ, ինչը նոր խթան կհաղորդի ինչպես քաղաքական, այնպես էլ բիզնես մակարդակներում փոխգործակցությանը: Ընդգծվել է բազմակողմ հարթակներում Հայաստանի և Իսպանիայի միջև փոխշահավետ և արդյունավետ համագործակցության խորացման կարևորությունը։ Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների համատեքստում կարևորվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունը։