Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահայտել է խորը ցավակցություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով նրա բացառիկ դերը խաղաղ և արդար աշխարհի կերտման գործում: «Խորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ։ Խաղաղ և արդար աշխարհի կերտման գործում Նորին Սրբության ակնառու առաջնորդությունը չի կարող մոռացվել: Իմ ցավակցությունն եմ հայտնում աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի առիթով», — գրել է վարչապետը իր X սոցիալական ցանցի էջում: Իր պոնտիֆիկոսության տարիների ընթացքում Պապ Ֆրանցիսկոսը հատուկ ուշադրություն էր դարձնում սոցիալական արդարության, միջկրոնական երկխոսության և փախստականներին օգնելու հարցերին: Նրա այցերն աշխարհի բազմաթիվ երկրներ, ներառյալ 2016 թվականին Հայաստան կատարած այցը, նպատակ են ունեցել` նպաստելու միջազգային համագործակցության ու տարբեր դավանանքների միջև երկխոսության ամրապնդմանը: