Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի կապակցությամբ, որում նշված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Ուսուցիչը մասնագիտություն չէ, կոչո՛ւմ է, առաքելություն, որը մեծ նվիրում է պահանջում: Հենց այդ առաքելությունը բարձր մակարդակով իրականացնելն է իրավագիտակից քաղաքացու կերտման և պետության կայացման հիմնաքարը։ Կոչման կրման և այդ պատասխանատու առաքելության անխափան իրականացման համար կարևոր է ուսուցչի իրավունքների պաշտպանությունը, որը պետք է իրականացվի մեծ գիտակցմամբ և հարգանքով։ Ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է գործադրի առավելագույն ջանքեր ուսուցչի մասնագիտական գործը պատվով կատարելու լիարժեք հնարավորություն ապահովելու համար: Կրկին շնորհավորում եմ մեր հարգարժան ուսուցիչներին, մաղթում առողջություն և ամենայն բարիք»: