29.05.2025
Մաղթում եմ ամուր կամք՝ Ձեր ծրագիրը կյանքի կոչելու գործում. Խաչատուրյանը՝ Ավինյանին
13.10.2023
Մաղթում եմ ամուր կամք՝ Ձեր ծրագիրը կյանքի կոչելու գործում. Խաչատուրյանը՝ Ավինյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Տիգրան Ավինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ Ձեզ Երևանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ ու ստեղծարար աշխատանք: Երևանի ավագանու անցած ընտրությունները ևս մեկ անգամ վկայեցին, որ Հայաստանը հաստատակամորեն ոտք է դրել ժողովրդավարական և մասնավորապես ընտրական ինստիտուտների կայացման ուղու վրա և հավատարիմ է ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին: Վստահ եմ, որ քաղաքապետի պաշտոնում Ձեր գործունեությունը հենված է լինելու հենց այս սկզբունքների և արժեքների վրա, ինչպես նաև միտված է լինելու Երևանի շենացմանն ու զարգացմանը, մեր քաղաքացիների համար արժանավայել, բարեկեցիկ ու հարմարավետ միջավայրի ստեղծմանը: Դուք և Ձեր թիմը մայրաքաղաքային կյանքը ղեկավարելու բարձր պատասխանատվությունը ստանձնում եք մեր երկրի համար բարդ ժամանակաշրջանում, երբ բոլորիս առաջնային պարտականությունն է Հայաստանի արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելն ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան հարյուր հազար մեր հայրենակիցների խնդիրների լուծումը: Լիահույս եմ, որ Ձեր գլխավորությամբ Երևանի քաղաքային իշխանությունը կանի հնարավորը մայրաքաղաքում փոխվստահության մթնոլորտի ապահովման հանրային համերաշխության ամրացմանը և Երևանի քաղաքային խնդիրների հանգուցալուծումն ու շարունակական զարգացումը երաշխավորելու համար: Հարգելի պարոն Ավինյան, Կրկին շնորհավորելով մաղթում եմ ամուր կամք՝ մայրաքաղաքի զարգացման Ձեր ծրագիրը կյանքի կոչելու առաքելության մեջ և շարունակական հաջողություններ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների»: