2.05.2025
Չելյաբինսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատարը դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
25.06.2024
Չելյաբինսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատարը դիմել է ՀՀ ՄԻՊ-ին

Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Յուլիա Սուդորենկոն դիմել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ հայտնելով, որ քաղաքային բժշկական հաստատություններից մեկում բուժում ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի առողջական լուրջ խնդիրներ, ինչպես նաև պատշաճ բուժօգնության և խնամքի կարիք։Հանձնակատարը տեղեկացրել է, որ վերջինս բնակվում է միայնակ, չունի հարազատներ, որոնք կարող են ստանձնել նրա խնամքը: Հանձնակատարն իր պատրաստակամությունն է հայտնել նաև քաղաքացուն Հայաստան տեղափոխմանն աջակցելու հարցում: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել Հանձնակատարի ներկայացուցչի հետ՝ գործընթացը կազմակերպելու մանրամասները քննարկելու նպատակով: Ավելի ուշ Հանձնակատարի ջանքերով քաղաքացին՝ բժշկի ուղեկցությամբ, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության արդյունքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով քաղաքացին տեղափոխվել է մասնագիտացված բժշկական հաստատություն, անցել անհրաժեշտ բժշկական հետազոտություններ և ստացել համապատասխան բուժօգնություն: Դրա հետ մեկտեղ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր անձի ֆունկցիոնալության գնահատման ուղղությամբ՝ հետագայում վերջինիս համապատասխան խնամքի հաստատություն տեղափոխելու նպատակով:Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է պետական մարմինների հետ կառուցողական աշխատանքը՝ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու տեսանկյունից: