Այն, ինչ տեղի է ունենում իմ շուրջ, ՍԴ-ի շուրջ, վկայում է, որ խնդիրները իրոք խորքային են: Այս մասին հունվարի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում նա անդրադարձել է այսօր իր տանը Հատուկ քննչական ծառայության իրականացրած խուզարկությանը։ ՍԴ նախագահը չի խոսել խնդրի իրավական կողմի մասին. «դրանով զբաղվում են իր պաշտպանները»։ Նրա խոսքով, այն, ինչ տեղի է ունենում իմ շուրջ, ՍԴ-ի շուրջ, վկայում է, որ խնդիրները իրոք խորքային են: «Օրվա իշխանությունն ունի ինձնից արագ ձերբազատվելու խնդիր»,- նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ «այդ ամենն արվում է ակնհայտ․ ողջ հանրությունն ու միջազգային հանրությունը տեղյակ են այդ մասին»։ ՍԴ նախագահի խոսքով՝ իր համար երկրորդական է իր անձի խնդիրը․ «կարևորը երկրի վաղվա օրն է»։ «Չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունը էդքան արագ մսխել»,- հայտարարեց Թովմասյանը։ Նա անդրադարձավ նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ասելով, որ վստահ է՝ «Վանեցյանի սպայի պատիվը թույլ չի տա իրեն լռել»։ Ավելի վաղ Արթուր Վանեցյանը Թվիթերում զգուշացրել է ՍԴ-ի հետ կապված իրավիճակի «վտանգների» մասին: «Եթե առ այսօր ես լռում եմ, դա միայն իմ երկի հեղինակությամբ է պայմանավորված»,- նշեց Հրայր Թովմասյանը՝ ասելով, որ «մի օր մի դատավոր պետք է պայքարի իր անկախության համար»։ «Սա իմ խաչն է, որ ես պիտի տանեմ»,- եզրափակեց նա։