Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարության առնչությամբ։ «Հաշվի առնելով հանրության կողմից օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը` անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարությունը, թե իբր Հրայր Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ Հ. Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշմանը, ակնհայտ ապատեղեկատվություն է: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ քննիչի կողմից խուզարկությանը մասնակցող անձանց, այդ թվում` պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ծանոթանալ որոշմանը: Մակինյանի վերը նշված հայտարարությունը նպատակ է հետապնդում ընդամենը խոչընդոտել քննչական գործողութան իրականացմանը: Վերոգրյալը հաշվի առնելով` Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հորդորում ենք գործել օրենքի սահմաններում և զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող ու հանրությանն ապակողմնորոշող հայտարարություններ հնչեցնելուց»,- ասված է ՀՔԾ հաղորդագրությունում։ Հրայր Թովմասյանին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Նա երկու անգամ հարցաքննվել է: