22.05.2025
ԱԺ-ն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին նախագիծը
06.02.2020
ԱԺ-ն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին նախագիծը

Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Քվեարկության արդյունքում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը» 0 կողմ, 36 դեմ, 88 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ չի ընդունվել: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տեղեկացմամբ՝ համաձայն Սահմանադրության 202 հոդվածի 2-րդ մասի, եթե սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով ընդունված որոշման, այն կարող է դրվել հանրաքվեի: Այնուհետեւ խորհրդարանի քննարկմանը ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը: Նրա գնահատմամբ նախագիծն այս տեսքով չի կարող դրվել հանրաքվեի եւ տեղեկացրել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու Ազգային ժողովի որոշման նախագծին: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նշել է, որ խնդրի լուծման ամենաժողովրդավար ձեւը հանրաքվեն է եւ ժողովուրդն է որոշողը: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշել է, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը խորհրդարանն ընդունել է 88 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: