Հոկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս լուրը հաստատել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Նրա խոսքով, այդ հանդիպումը տեղի է ունեցել պաշտոնաթող նախագահների նախաձեռնությամբ։ «Տեղի է ունեցել նաև հանդիպում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։ Քննարկումների թեման բնականաբար մեկն է՝ Արցախը։ Ստեղծված իրավիճակում այսպիսի խորհրդատվությունները պարբերական են լինելու»,- նշել է Սողոմոնյանը։ Հիշեցնենք, նախքան Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելը Արցախի նախկին նախագահները հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: