Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում մտահոգություն է արտահայտել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով. «Մտահոգված եմ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով: Կարևոր է չեզոքացնել ու վերացնել պատճառները, և աշխատել համապարփակ կարգավորման ուղղությամբ», - գրել է Տոյվո Կլաարը: Վերջինս, հիշեցնենք, հոկտեմբերի 21-ին այցելել էր Հայաստան: VERELQ-ը հիշեցնում է, որ վերջին օրերին լարվել է իրավիճակը Սյունիքի, Գեղարքունիքի հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում: Նախօրեին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Սակայն իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։ Նոյեմբերի 11-ին Ադրբեջանը անցակետ տեղադրեց Գորիս-Կապան ճանապարհահաատվածում, իսկ երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ադրբեջանցիներն այսօրվանից՝ նոյեմբերի 15-ից, անցակետ կտեղակայեն նաև Կապան-Ճակատեն ավտոճանապարհին: