4.07.2025
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ. ՀՀ-ում Մեծ Բրիտնիայի դեսպան
07.02.2022
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ. ՀՀ-ում Մեծ Բրիտնիայի դեսպան

Միացյալ Թագավորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չի համարում և ցանկանում է խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընդունված հիմնարար սկզբունքների հիման վրա: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը: "Միացյալ Թագավորության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չի փոխվել: Մենք հակամարտությունը լուծված չենք համարում: Միացյալ Թագավորությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ հնարավորինս շուտ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հիմնարար սկզբունքների հիման վրա: Մենք լիովին աջակցում ենք ամերիկացի, ֆրանսիացի և ռուս համանախագահների ջանքերին և կողմերին խրախուսում կառուցողականորեն ներգրավվել բանակցային գործընթացում: Մենք նաև մեծապես խրախուսում ենք հետագա առաջընթացը հումանիտար հարցերում՝ ինչպիսիք են բոլոր ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը, ականազերծումը և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր մեղադրանքների հետաքննությունը: Տարածաշրջանի հետագա կայունության և բարեկեցության համար կենսականորեն կարևոր է, որ ընթացիկ խնդիրները լուծվեն բանակցային, խաղաղ գործընթացի միջոցով",- ասել է դեսպանը: Նա նաև անդրադարձել է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման և պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի ուղղությամբ: "Մենք եռակողմ աշխատանքային խմբի գործընթացների նկատմամբ որևէ անմիջական վերահսկողություն չունենք, սակայն սահմանազատման, սահմանագծման և տրանսպորտային ու տնտեսական կապերի վերականգնման ուղղությամբ առաջընթացը կդիտարկենք որպես դրական քայլ: Միացյալ Թագավորությունը լիովին աջակցում է տարածաշրջանում խաղաղ հարաբերությունների զարգացմանը",- հավելել է դեսպանը: