3.11.2025
Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումները խոչընդոտում են երկարաժամկետ խաղաղության հաստատմանը
24.01.2023
Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումները խոչընդոտում են երկարաժամկետ խաղաղության հաստատմանը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հունվարի 24-ին ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին:   Լուկաս Ռոզենկրանցը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Մանրամասներ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ: Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ ճանապարհի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումները մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: Էդուարդ Աղաջանյանը Լեռնային Ղարաբաղում ծավալվող ճգնաժամային իրավիճակը կանխելու հարցում կարեւորել է միջազգային գործընկերների դերակատարությունը: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ԵՄ-ի խորհրդի որոշումը` Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու վերաբերյալ (EUMA)` Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության շրջանակում (CSDP): Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման օրակարգերը, ընդգծվել է բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցության անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի: Լուկաս Ռոզենկրանցը կարեւորել է հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացումը: Հայ խորհրդարանականները բարձր են գնահատել դեսպանի գործուն դերակատարությունը Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ հարաբերությունների զարգացման հարցում: Հանդիպման ավարտին կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ երկարամյա ջերմ բարեկամական հարաբերությունները` նշելով, որ տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա: