22.12.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին ընտրվելու առթիվ
09.08.2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին ընտրվելու առթիվ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Դավիթ Իշխանյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր Հայրապետական օրհնանքն ու շնորհավորանքներն է ուղարկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ինչպես հայտնեցին Արցախի Ազգային ժողովից, շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Կարևոր այս պաշտոնը Դուք ստանձնում եք Արցախի համար անկախությունից ի վեր ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում, երբ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով արցախահայությունը շուրջ ութ ամիս գտնվում է փաստացի շրջափակման մեջ: Օրավուր սաստկացող գոյաբանական վտանգների առջև աղոթաբար մաղթում ենք Ձեզ ուժ, կարողություն և տոկունություն՝ հնարավոր բոլոր միջոցները, ներուժն ու ջանքերը գործադրելու հանուն Արցախի ժողովրդի ապահով, ազատ ու անկախ կյանքի: Թող Ամենակարող Տերը Իր օրհնության ներքո անխռով խաղաղության մեջ պահի ու պահպանի Արցախ մեր երկիրն ու մեր ժողովրդին՝ պարգևելով Ձեզ քաջառողջություն և գործոց հաջողություններ»: