10.04.2026
Լուսանկարը` primeminister.am
20.09.2024
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հայտարարել է Հայաստանի ֆինանսավորման ավելացման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը:  Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետն ընդգծել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ բնույթը և կարևորել ԱՄՆ վարչակազմի աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում թիրախային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Ջոշուա Հաքն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու օժանդակությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ և նշել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ծրագրերի ընդլայնումն ու ֆինանսավորման ծավալների ավելացումն ուղղված է այդ նպատակին:  Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են այս տարվա ապրիլին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին ու դրանց իրականացման ընթացքին:  Նշվում է, որ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումներին և ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը: