Ռուսաստանի ակտիվությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում «նման է սառցալեռան»: Այս մասին Մալթայի իր պաշտոնակից Ջորջ Վելլայի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Մամեդյարովն ասել է, որ կա նաև դրա «ստորին մասը»: «Դեռ վաղ է բացահայտել մանրամասները: Նրանք [ռուսական կողմը] հնչեցրել են որոշ հետաքրքիր գաղափարներ, որոնք հիմնված են նորացված Մադրիդյան սկզբունքների վրա: Ռուսաստանի կողմից առաջարկների առաջ քաշումը նաև մեզ է հետաքրքրում: Ռուսաստանը մեզ առաջարկել է փուլային որոշում», - ասել է նա: Հայաստանի իշխանությունները հերքում են, որ ռուսական կողմը նոր առաջարկություններ է արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, քանի որ այս պահին անհրաժեշտ է ուղղակի հանդարտեցնել իրավիճակը: Վաելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ ներկայում Հայաստանի համար «խելամիտ» չէ վերադարձը Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններին՝ առանց անվտանգության երաշխիքների: Սարգսյանը նշել էր, որ «չի տեսնում հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման անհրաժեշտություն»: Սարգսյանը նաև առաջ է քաշել Բաքվի հետ բանակցությունների վերսկսման երեք պայման՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդնում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: