Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Փարիզում ահաբեկչությունների կապակցությամբ: «Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է», - հայտարարել է Նալբանդյանը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքի տարբեր վայրերում ուրբաթ ուշ երեկոյան պայթյուններ և կրակոցներ են հնչել, վերջին տվյալներով՝ զոհվել է շուրջ 140 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։ Զոհերի թվի մասին տեղակատվությունը հակասական է: Հայտնում են 120-150 զոհվածների մասին: Ֆրանսիայում հայտարարվել է արտակարգ դրություն, փակվել են երկրի սահմանները: Ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել "Իսլամական պետություն" խմբավորումը: