Քաղաքագետ Արմեն Պետրոսյանն անդրադարձել է Իլհամ Ալիևի՝ նախօրեի «ծավալուն» հարցազրույցի հիմնական դրույթներին.«Այն նախընտրական էր, բովանդակային առանցքը նրա 20-ամյա կառավարման պետական գաղափարախոսության՝ «հայատյացության» մի փուլի ամփոփումն էր, նորի ազդարարումը, որը, իր հերթին, Հայաստանի և հայ ժողովրդի համար նոր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ մարտահրավերների կանխատեսումների լիարժեք հիմք է տալիս։Ադրբեջանի նախագահը ստեղծում է նոր «լեգիտիմ» հիմքեր Հայաստանի դեմ պատերազմների, ամբողջ տարածքի նկատմամբ հավակնությունների, «միջանցքի» նախագծի իրականացման։Ալիևն իր խոսքի տողատակերում հերթական անգամ ակնարկեց «Արցախը Սյունիքի» դիմաց ադրբեջանառուսական գործարքի մասին։ Այս՝ ոչ հակառուսական ուղեգծի առաջմղմամբ, բնականաբար ադրբեջանական վարչակարգն ապահովագրում է սեփական կայունությունը և քաղաքականության առաջմղման հնարավորությունները՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական բաժանարար գծերի հերթական ընդգծման միջոցով»։ VERELQ-ը հիշեցնում է, որ երեկ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, իրենք մտադիր չեն բացել Հայաստանի հետ սահմանն այլ վայրում։ Ըստ Ալիևի՝ դրանից Հայաստանն ավելի շատ վնաս կստանա, քան օգուտ: «Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների, հակառակ դեպքում` Հայաստանը հավերժ կմնա փակուղու մեջ», - ասել է Ալիևը։