23.02.2026
Համատեղ համաժողովների անցկացումը դարձել է լավ ավանդույթ. Մուրաշկո
16.12.2024
Համատեղ համաժողովների անցկացումը դարձել է լավ ավանդույթ. Մուրաշկո

Հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովն ընթանում է Հայաստանում։ Այս տարվա համաժողովն առանցքային է, քանի որ նվիրված է մոր և մանկան առողջության պահպանման զգայուն ոլորտի խնդիրներին։ Համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը։ «Համատեղ առողջապահական համաժողովների անցկացումը դարձել է լավ ավանդույթ և արժեքավոր հարթակ` հանրային առողջության, մասնագիտական ​​համագործակցության ոլորտում փորձի, գիտելիքների փոխանակման և համատեղ լուծումներ գտնելու համար։ Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտը ցանկացած պետության համար առաջնային է, քանի որ այն հասարակության կայուն զարգացման հիմքն է, և դրա պահպանումը երաշխավորում է բոլորիս բարեկեցությունը»,- համաժողովի բացման խոսքում նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ համաժողովի մեկնարկը հատկանշվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ առողջապահական տարբեր ուղղությունների մասին խոր և հագեցած երկխոսությամբ` տնտեսության մեջ առողջապահության դերի ձևափոխման, թվայնացման, նորարարական տեխնոլոգիաների կիրառման թեմայով։ «Ամենամյա համաժողովը մեզ համար ոչ միայն փորձի փոխանակման հարթակ է, այլև հնարավորություն` փոփոխելու ոլորտի զարգացման վեկտորը. դրա մասին են վկայում ուռուցքաբանության և մի շարք այլ ոլորտում ծավալվող համագործակցությունը»,- նշել է Միխայիլ Մուրաշկոն։ Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Համաժողովի երկրորդ հատվածում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել զեկույցով` նվիրված «Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում» թեմային և ներկայացրել Հայաստանում մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի վերջին ցուցանիշները և իրականացվող պետական ծրագրերը։ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի զեկույցը վերաբերել է մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ՌԴ պետական քաղաքականության հիմնական ուղղություններին։Համաժողովի մասնակիցներին հյուրընկալել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը, որի տնօրեն Ալեքսանդր Ուռումյանն իր խոսքում կարևորել է նման համաժողովների անցկացումը կենտրոնում` մասնագիտական փորձի փոխանակման և ոլորտի նորարար լուծումների կիրառման առումով։ Երկու երկրների մասնագետների զեկույցները նվիրված են եղել ծննդօգնությանը, մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ոլորտում կիրառվող նորարարություններին, մանկական ուռուցքաբանության ոլորտի հեռանկարներին և այլ թեմաների։ Համաժողովի ավարտին հյուրերը շրջայց են կատարել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: