10.11.2025
Սննդամթերքի համաշխարհային գների աճի ֆոնին Հայաստանում թանկացումը 0.1 տոկոս է. Փաշինյան
30.11.2019
Սննդամթերքի համաշխարհային գների աճի ֆոնին Հայաստանում թանկացումը 0.1 տոկոս է. Փաշինյան

Հայաստանում 2019-ի հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքը թանկացել է 0.1 տոկոսով այն դեպքում, երբ սննդամթերքի համաշխարհային գները աճել են 6 տոկոսով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Միացյալ ազգերի կազմակերպության սննդամթերքի համաշխարհային կազմակերպության (FAO) ամենամսյա զեկույցի համաձայն 2019 թվականի հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գները աճել են 6 տոկոսով: Իսկ Հայաստանում 2019-ի հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքը թանկացել է 0.1 տոկոսով: Սա հիմնականում եթե ոչ բացառապես երկրում տնտեսական մրցակցության խորացման հետեւանք է: Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչ էր տեղի ունենում նախկինում. համաշխարհային շուկայում սննդամթերքը թանկանում էր ասենք 2 տոկոսով, Հայաստանում թանկանում էր մի 4-5 տոկոս: Ի դեպ, այս տարվա սեպտեմբերին անցած տարվա դեկտեմբերի համեմատ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի դիտարկած բոլոր երկրներից միայն Հայաստանում է գնանկում արձանագրվել: Այսինքն այս տարվա սեպտեմբերին 2018 թվականի դեկտեմբերի համեմատ նշված բոլոր երկրներում արձանագրվել է գնաճ, եւ միայն Հայաստանում գները նվազել են՝ 2.1 տոկոսով»,- գրել է նա: