Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունիսի 10-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրի շրջանակում տնտեսվարողներին ցուցաբերվող օժանդակության գործիքների ընդլայնման հնարավորությանը: Այն քննարկվել է ընկերությունների կանոնադրական կապիտալում դրամային լրացուցիչ ներդրումների իրականացման համատեքստում: Ներկայացվել են միջոցառման ընդլայնման մեխանիզմներն ու դրանց հնարավոր արդյունքները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև առանձին ոլորտների աշխուժացմանն ու զարգացմանը միտված հնարավորությունները, որոնց շուրջ հնչել են մի շարք առաջարկություններ ու գաղափարներ: Կարևորելով կառավարության հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների արդյունավետությունը՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել քննարկումները, գալ միասնական տեսակետի և կառավարությանը ներկայացնել առարկայական նախաձեռնություններ: