ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վահե Ղազարյանը շնորհավորել է Ալեքսանդր Կոնյուկին՝ Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Նա բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության և Բելառուսի ներքին գործերի նախարարության համագործակցությունը։ Ոստիկանության պետը երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։ Ալեքսանդր Կոնյուկը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում առկա կապը երկու երկրների իրավապահ կառույցների միջև։