Հայաստանի Հանրապետության կառավարությունն արտահերթ նիստում մարտի 30-ին հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագիրը, որը վերաբերում է հղի կանանց։ Ծրագրի շահառու է հանդիսանում այն հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից՝ 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում։ Աշխատանքի և սոցիալական հարցերիկ նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ աջակցությունը տրամադրվելու է միանվագ նպաստի ձևով՝ 100 հազար դրամի չափով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ քանի որ խոսքը հղի կանանց մասին է, ապա սահմանափակումներ չեն դրվում և նրանք կարող են մյուս ծրագրերից ևս օգտվել։