6.10.2024
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու կոչով բանաձև
19.10.2020
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու կոչով բանաձև

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է բանաձև, որով կոչ է արվում Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ի կազմից, հաղորդում է EADaily-ն՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախումբին (ANCA): Բանաձևի նախագիծն առաջ է քաշել Կոնգրեսի ստորին պալատի անդամ Թուլսի Գաբբարդը (ԱՄՆ դեմոկրատական կուսակցություն): Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիան բացահայտ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններում։ Նշվում է նաև Ղարաբաղյան հակամարտության գոտում «Իսլամական պետության» (ԻՊ, ԻԼԻՊ կամ ԴԱԻՇ) և այլ ահաբեկչական խմբավորումների գրոհայինների մարտական գործողությունների մեջ Անկարայի կողմից ներգրավելու մասին: «Եվ դա այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ն կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և հարցը լուծել բանակցությունների միջոցով», — ընդգծում է օրենսդրական նախաձեռնության հեղինակը: Գաբբարդն իր գործընկերների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Կանադան ավելի վաղ որոշել էր դադարեցնել Թուրքիային սպառազինությունների մատակարարումը՝ հաշվի առնելով դրանց հնարավոր օգտագործումը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններում: Ավելի վաղ Արցախի և Հայաստանի վրա թուրքական և ադրբեջանական հարձակումների ակտիվացման կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամներ պահանջել էին դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան: Ամերիկացի կոնգրեսականները նաեւ կոչ են արել պատժել "Էրդողանի եւ Ալիեւի ռեժիմներին" Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ռազմական հանցագործությունների համար, ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հոկտեմբերի 15-ի հայտարարության մեջ: «Վարչակազմը (ԱՄՆ) պետք է ականջալուր լինի իր սեփական հատուկ ծառայություններին, որոնք շատ լավ գիտեն, որ Ադրբեջանը նախաձեռնել է այդ հարձակումը, եւ շտապ ականջալուր լինի Կոնգրեսի կոչին, որը պահանջում է ՝ երկկուսակցական հիմունքներով պատժամիջոցներ սահմանել Էրդողանի եւ Ալիեւի վարչակարգերի դեմ», - հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքով, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պետք է առաջին իսկ հնարավորության դեպքում հզոր ազդանշան ուղարկի ոչ միայն Անկարային եւ Բաքվին, այլեւ Սպիտակ տանը եւ ԱՄՆ ֆինանսների նախարարությանն այն մասին, որ Վաշինգտոնի անգործությունն արդեն շատ կյանքեր է խլել անմեղ մարդկանց ոչնչից: