5.11.2025
Հայաստանը հերթական ֆինանսական աջակցությունն է տրամադրում Արցախին
28.10.2021
Հայաստանը հերթական ֆինանսական աջակցությունն է տրամադրում Արցախին

ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում նշեց, որ սա նույնաբնույթ արդեն 5-րդ միջոցառումն է. ընդհանուր առմամբ 2020թ. առ օրս Արցախին է փոխանցվել գրեթե 120 մլրդ դրամի աջակցություն: Միջոցառման շրջանակում 1,3 մլրդ դրամ տրամադրվելու է անհատույց եւ ուղղվելու է 2021թ. նոյեմբեր ամսին Արցախի բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների ֆինանսավորմանը: Նախագծով նախատեսվում է նաեւ տրամադրել միջպետական վարկ՝ Արցախի Հանրապետությանը 12,2 մլրդ դրամի չափով՝ Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջա­պահության ծախսերի, պարտատոմսերի մարման նպատակով։ Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։ Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի դրույթներից եւ միտված է Արցախի հետպատերազմյան վիճակի վերականգնմանը, տնտեսական կյանքի աշխուժացմանը եւ տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը: