Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները համաձայնության չեն եկել Անթալիայում հրադադարի շուրջ: Ինչպես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, բանակցությունները բարդ են եղել, և նրանք քննարկել են հումանիտար միջանցքների բացումը և հրադադարը։ «Կողմերը դեռ չեն կարողացել հրադադարի մասին որոշման գալ»,- ասել է Կուլեբան։ Եվ նա ընդգծել է, որ Կիևը մտադիր չէ կատարել Ռուսաստանի պահանջները։ Իր հերթին Լավրովն ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նախագահների մակարդակով բանակցությունները չպետք է դառնան «հանդիպում հանուն հանդիպման»։ «Մենք միայն ցանկանում ենք, որ այդ շփումները կազմակերպվեն ոչ թե իրենց համար, այլ որոշ կոնկրետ պայմանավորվածություններ ամրագրելու համար»,- ասել է Լավրովը։ Նրա խոսքով՝ Մոսկվան կողմ է ուկրաինական ճգնաժամի խնդիրների շուրջ ցանկացած շփումների և դրանից դուրս գալու ուղիների մշակմանը։ Եվ նա ընդգծեց, որ Բելառուսում Ուկրաինայի հետ բանակցություններն այլընտրանք չունեն, և Անթալիայի հանդիպումը չի արժեզրկի դրանք։