Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում։ Այս մասին հոկտեմբերի 20-ին Երևան ժամանելուն պես հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հինգշաբթի երեկոյան ժամանել է Հայաստանի մայրաքաղաք Երևան։ Ամիր-Աբդոլլահյանը Երևանում է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հրավերով։ Իրանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իրանի և Հայաստանի արտգործնախարարներն ուրբաթ օրը ներկա կլինեն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը։ «Մենք ակնկալում ենք երկարաժամկետ համագործակցություն երկու երկրների միջև, և այս այցի ընթացքում փաստաթուղթ կկազմվի», - Երևան ժամանելուն պես ասաց իրանցի բարձրաստիճան դիվանագետը։ «Մենք դեմ ենք այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում»,- հավելեց նա։ Գոհունակություն հայտնելով Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների առնչությամբ, որն անցյալ տարվա համեմատ աճել է ավելի քան 43%-ով, Ամիր-Աբդոլլահիանն ասել է. «Մենք հույս ունենք երկու երկրների միջև առևտրի ավելի բարձր մակարդակ տեսնել»։