9.06.2025
Ռազմական բյուջեն իրականում նվազել է, ՀՀ վրա հարձակման հավանականությունը բարձր է. Բագրատյան
21.03.2022
Ռազմական բյուջեն իրականում նվազել է, ՀՀ վրա հարձակման հավանականությունը բարձր է. Բագրատյան

Պետք չէ զուր պատրանքներ ունենալ, այսօր ադրբեջանական կողմը պայթեցրել է գազատարը, վաղը կփակի Արցախի ճանապարհը և արցախցիներին մի քանի ժամ կտա՝ լքելու իրենց տները։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, խորհրդարանում լսումների ժամանակ հայտարարեց նախկին վարչապետ, նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Նրա խոսքով, Արցախի ղեկավարության հետ հանդիպելուց հետո ինքը վերջապես եկել է այն եզրակացության, որ անկախության ապահովման ուղղությամբ աշխատանք չի տարվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անգործության են մատնված։ «Պետք չէ զուր պատրանքներ ունենալ, այսօր ադրբեջանական կողմը պայթեցրել է գազատարը, վաղը կփակի դեպի Արցախ տանող ճանապարհը և դրանով կավարտվի, մարդկանց մի քանի ժամ կտան ու կասեն, որ գնա։ Եվ նրանք կհեռանան, մի հապաղեք ու պատրանքներ մի ունեցեք»,- ասաց Բագրատյանը։ Նա նշել է, որ իրականում Բաքուն չի պատրաստվում ո՛չ խաղաղության, ո՛չ սահմանազատման ու սահմանագծման։ Բագրատյանն ընդգծեց, որ խոսելով խաղաղության մասին՝ Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն ավելացնել իր ռազմական բյուջեն, իսկ Հայաստանը արմատապես հակառակ դիրք է գրավում։ «Եթե հիմք ընդունենք իրական թվերը, Ադրբեջանը ռազմական բյուջեն ավելացրել է 22 տոկոսով, իսկ Հայաստանը՝ 1 տոկոսով։ Պաշտոնապես ռազմական բյուջեն ավելացրել ենք 11 տոկոսով, բայց բյուջեն աշխատավարձի է նման՝ երբ թանկացումներ են, եկամուտները նվազում են։ Եվ հետեւաբար, 12 տոկոս գնաճով ռազմական բյուջեն փաստացի նվազել է»,- ասաց Բագրատյանը։ Ընդդիմադիրը նշեց, որ սահմանամերձ գյուղերը պետք է վերածել ռազմականացված ավանների, որտեղ 16-ից 60 տարեկան կանայք և տղամարդիկ պարապում են հրաձգության, պարբերաբար վերապատրաստում և վարժանքներ են անցնում։ Նա նշել է, որ Ադրբեջանը գնում է անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են թռչել 13 կմ բարձրության վրա, ինչը նշանակում է, որ դրանք չեն կարող խփվել, բայց լուծում կա։ «Խրամատներ փորելու կարիք չկա, անհրաժեշտ է անցնել պարկուճների համակարգի՝ 3-5 մետր լայնությամբ բետոնե կոնստրուկցիաների։ Ոչ մի բայրաքթար նրանց չի վնասի»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանությունները ոչինչ չեն անում, իրենք իրենց միայն բոնուսներ են տալիս։ «Պետք է հաշվի առնել, որ տաքացման հետ մեկտեղ մեծանում է ռազմական գործողությունների հավանականությունը... Մեծ է հավանականությունը, որ ապրիլ-մայիսին Հայաստանը կենթարկվի նոր հարձակման»,- ասաց նա։