Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդման երեք միջնորդություններից մեկի փակ քննարկման ժամանակ «շատ հետաքրքիր պատասխաններ» տրվեցին 44-օրյա պատերազմից հետո հաճախակի հնչեցվող հարցերին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, հայտարարեց Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ափսոսում եմ խորհրդարանի ընդդիմադիր ուժերի դիրքորոշման հետ կապված։ Ես չեմ հավատում, որ նրանց որևէ գործողություն իսկապես կարող է շեղել հանրության ուշադրությունը որևէ բանից։ Նրանք գերագնահատում են իրենց դերը երկրի քաղաքական ու հասարակական կյանքում»,- ասաց նա։ Սիմոնյանի խոսքով՝ ինքը ցավում է, որ այսօրվա ընդդիմության գործողություններն ուղղված են միայն Ադրբեջանի ներխուժումից ու ագրեսիայից դիվիդենտներ ապահովելուն։ Ընդդիմադիր ուժերի ողջ օրակարգն այս փուլում հիմնված է հենց դրա վրա, վստահ է ԱԺ նախագահը. «Եթե նույնիսկ բոլոր ընդդիմադիրները ձերբակալվեն, հանրության ուշադրությունը միշտ կկենտրոնանա երկրի համար կարևոր հարցերի վրա, ուստի թող իզուր չգերագնահատեն իրենց»,- նշեց բանախոսը՝ համոզմունք հայտնելով, որ ընդդիմադիրների ճակատագիրն այնքան էլ չի հուզում հայ հասարակությանը: