29.09.2024
Մեծ վտանգ կա, որ մենք նոր լուրջ ռազմական հակամարտության շեմին ենք. Թոմաս դե Վաալ
14.12.2022
Մեծ վտանգ կա, որ մենք նոր լուրջ ռազմական հակամարտության շեմին ենք. Թոմաս դե Վաալ

Carnegie European Endowment-ի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը Twitter-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանն ու Արցախ գազի մատակարարման արգելափակմանը։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի։ «Ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանները, որոնք անշուշտ այնտեղ են ուղարկվել Բաքվի կառավարության կողմից, փակել են Լաչինի ճանապարհը, հետևաբար՝ տեղի հայերի տեղաշարժը»,- ընդգծել է նա։ Վաալը հիշեցնում է, որ ԵՄ-ի միջնորդությամբ վերջին բանակցությունները որոշակի առաջընթաց են գրանցել, ինչի արդյունքում կողմերը հայտարարեցին խաղաղության պայմանագրի ստորագրման մասին։ «Սակայն Ղարաբաղի հայերի ապագայի վերաբերյալ համաձայնություն չկա։ Ադրբեջանը, որն այսօր գերիշխող դիրքերում է, ցույց տվեց, որ ուժ է կիրառելու զիջումների հասնելու համար։ Կարծում եմ՝ Ալիեւը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել, այլ ոչ թե նոր պատերազմ, բայց կարծես ուզում է զիջումներ, որոնց հայկական կողմը չի կարողանա գնալ։ Մեծ վտանգ կա, որ մենք նոր լուրջ ռազմական հակամարտության շեմին ենք»,- ամփոփել է Թոմաս դե Վաալը։ VERELQ-ը հիշեցնում է, որ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են իբրև բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Նախօրեին Երևանի կենտրոնում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընդդիմադիր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել։ Ցուցարարները պահանջում էին քաղաքական գործիքների կիրառում Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար։ Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը հայտարարեցին, որ Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին և կոչ արեցին միջազգային հանրությանը պահանջել Բաքվից կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Երեկվանից Արցախում դադարեցվել է նաև գազամատակարարումը: