Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում Hill.TV-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է՝ որն է համարում ԱՄՆ պատմության «միակ վատագույն սխալը»: «Մեր երկրի պատմության ընթացքում իրագործված միակ վատագույն սխալը նախագահ Բուշի՝ Մերձավոր Արևելք գնալու որոշումն էր»,-ասել է Թրամփը: Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն այնտեղ 7 տրլն դոլար է ծախսել, ինչպես նաև երկու կողմից էլ միլիոնավոր մարդիկ են զոհվել: «Յոթ տրիլիոն դոլար և միլիոնավոր մարդկային կյանքեր՝ ես հաշվում եմ երկու կողմերի կորուստները: Իմ կարծիքով՝ դա մեր երկրի պատմության ընթացքում իրագործված միակ վատագույն սխալն է: Օրը, երբ մենք գնացինք Մերձավոր Արևելք, շատ վատն էր մեր երկրի համար»,-բացատրել է Թրամփը՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի՝ Աֆղանստանում և Իրաքում ծավալած պատերազմները: Բրաունի համալսարանի տվյալներով՝ ամերիկյան իշխանությունները վերթվարկված երկու պատերազմների, Պակիստանում և Սիրիայում ռազմական գործողությունների, ինչպես նաև վետերանների խնամքի համար ընդհանուր ծախսել են 5.6 տրլն դոլար: Մինչդեռ Պենտագոնի տվյալներով՝ երկիրն Իրաքում, Աֆղանստանում ու Սիրիայում ծախսել է 1.52 տրլն դոլար: