Հայաստան հայրենիքին անձնական նվիրման հավաստում էր 2021-ի նոյեմբերի 15-ն Երևանի Կոմիտասի անվ․ կամերային երաժշտության տանը ֆրանսաբնակ հայազգի երգիչներ Ադամ Բարրոյի և Աննա Կասյանի համերգը, որն արվեստի լեզվով մերօրյա դժվարին, բարդ ու դրամատիկ իրականությանն իրենց արձագանքն էր, նաև հավատի արտահայտությունը հայոց վերընձյուղման և պատմության քառուղիներում անկասելի ընթացքի վերաբերյալ։
Իրենց ծառայությունը հեռավոր հայրենիքին նրանք անընդմեջ մատուցում են՝ հայ երաժշտարվեստը ներկայացնելով տարբեր բեմերից՝ մշակույթի ամենազոր զենքով բացելով օտար գոց դռներ և անմատչելի սրտեր՝ հայի և հայեցիի հանդեպ։ Նախորդ տարվա պատերազմական օրերին ապրած ներքին տառապանքն այսօր բեմին պիտի հորդեր՝ որպես աղոթք, իբրև վերին բարեխոսության հայց, նաև որպես մորմոքին սպեղանի․․․ Անձնական ապրումի խորքն անանձնական աղոթքներով ներկայացնելու այս կերպն ազդեցիկ էր և բազմախոս։
Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիներ Ադամ Բարրոն և Աննա Կասյանն իրենց երևանյան բեմելույթը խորագրել էին՝ «Ի փառս հայրենյաց բոլոր պաշտպանների, ի փառս հայրենիքի ծաղկունքի»։
Երկու զուգերգ աղոթք - աղերս – խոնարհումներ էին Աստվածամոր կենդանի պատկերի առջև․ Գ․ Դոնիցետիի և Ք․ Սեն-Սանսի առ Մարիամ ձոն –ստեղծագործությունները՝ «Ավե Մարիա»-ները, երգչական զույգը կատարեց անկեղծ հոգեհույզով՝ աղոթարար ձայնի զորությամբ, ասես, ասելով՝ հայացքդ ուղղիր բազմաչարչար և արդար ժողովրդիդ, որի ապրելու կերպը արարելն է, ուժ տուր ապրելու նրանց, ովքեր որդեկորույս են, քանի որ ինքդ զավակիդ զոհողության գինը գիտես, մխիթարիր որբին, կազդուրիր վիրավորին, զորացրու կորուստներից կորացած արտաքսյալներին․․․
Մարդկային ձայնի գեղեցկության ընդգծումով և նույնչափ հուզական-ազդեցիկ, ոնց նախորդիվ կատարված «Ավե Մարիա»-ները, հնչեց Առնո Բաբաջանյանի «Վոկալիզը», որ կոմպոզիտորի ստեղծագործության գլուխգործոցների շարքը պիտի դասել։ Եվ եթե այս գործը գրված է կնոջ ձայնի համար, ապա Տիգրան Համբարյանը 2019-ին իր «Ավե Մարիան» ստեղծել է հատուկ տղամարդու ձայնի համար, և այդ ձայնը պետք է լիներ Ադամ Բարրոյի բաս-բարիտոնը։ Ոնց երգիչն է խոստովանում, առաջին կատարմանը բացառապես հավատարիմ էր կոմպոզիտորական հղացմանը, բայց արդեն հետագա բեմելույթներին նոր նուրբ մոտեցումներ էին ի հայտ գալիս, և դա թելադրված էր հայրենիքին և սեփական ազգին վերջերս պատուհասած արհավիրքի՝ ներքուստ վերապրումով։
Ասում է, որ գործը մինորային, ասել է, թե բեկուն տրամադրությամբ ընթացք ունենալով, այդուհանդերձ մաժորայինհնչողությամբ՝ լավատեսական-հուսահատության պատնեշը ճեղքող ավարտ ունի, և նման վերջերգի մասին գաղափարը Տ․ Համբարյանին հենց ինքն է հուշել։ Տղամարդու ձայնի համար «Ավե Մարիան» Ադամ Բարրոն կատարեց գործի ամեն հունչի, ձայնային շրջադարձի, վարուվերումի լիարժեք ճշգրտությամբ, անթերի, որին գումարվում էր զգացմունքի անկեղծությունը, ինչպես լինում է տաճարական խորանում մենանալիս, Առ Աստված պատարագմանը։ Այլալեզու, այդուհանդերձ՝ գործը հայկական «նշագրումով» է, փոքր չափերի մեջ՝ բազմակողմ ծավալայնությամբ, ամեն դրվագումը՝ տեղին և առանց ավելորդաբանության:
Համերգային ծրագրում ընդգրկված էին նաև աշխարհական երգեր։ Կոմիտասյան «Լե-լե յամանը» Ա․ Բարրոյի ձայնով հնչեց՝ որպես կարոտների խիտ արտահայտություն, Է․ Աբրահամյանի «Արարատը»՝ որպես կյանքի իրավունքի հաստատում և հայոց հայրենիքը նորեն զորացնելու կոչ։ Իսկ ահա Գ․ Ալեմշահի «Նազերը»՝ Աննա Կասյանի կատարմամբ, մի փոքրիկ մինի-ներկայացում էր՝ կենսուրախ, ապագայի հանդեպ խինդով։
Պիտի առանձնակի անդրադառնամ նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղ․ ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանի դաշնամուրային նվագակցությանն այս համերգին․ ռոմանտիկ - զուսպ զգացական, երաժշտության հեղինակային նուրբ և խորը ներըմբռնմամբ՝ նրա նվագը, ասես, միաձուլվում - ուղղորդում է երգիչ- կատարողին՝ անպարտադրանք, բայց և ընդգծված-արտիստիկ։
․․․Եվ երբ համերգի ավարտին, ծափողջյունների դրդմամբ երգիչները կատարեցին Կառվարենցի երաժշտությամբ և Ազնավուրի բանաստեղծությամբ «Հավերժական սերը», զգացմունքի ամենակուլ ճողփյունով դահլիճը միահամուռ և լիարժեք շնչեց մարդկայինի և հավերժականի մասին մեղեդու և խոսքի զորությամբ։ Սիրո, հավատարմության, նվիրումի և անձնազոհության բարձրագույն արտահայտություններից մեկն է այս երգը, որով եզրափակվեց Աննա Կասյանի և Ադամ Բարրոյի համերգը՝ Մաեստրո Սեդրակ Երկանյանի նվագակցությամբ։ Համերգից անմիջապես հետո՝ մեր կարճ զրույցին օպերային երգչուհի Աննա Կասյանը խոստովանեց, որ իր բեմական կյանքում առաջին անգամն էր, որ չկարողացավ կառավարել իր զգացմունքները բեմին։ Արցունքները հորդ հոսեցին, երբ այս երգը կատարելիս պատկերացրեց՝ ո՛նց ռմբակոծության տակ, թեժ մարտերին ծանր վիրավորում ստացած երիտասարդ հայորդին կրկնել է՝ հավերժ սիրելու եմ․․․ Համերգին հրավիրյալների մեջ վիրավորում ստացած և հաշմված երիտասարդների էր նկատել, և իր երգի մեջ հուզմունքին խառն գորով, խնամք, խոնարհում կար․․․
Զոհված հայորդիներին որպես հարգանքի տուրք և ապրողաց կամք ու զորություն հաղորդելու մի արար էլ կլինի երգիչների ջանքերով խաչքարի տեղադրումը Երևանում, որը նախատեսվում է անել առաջիկայում, և ինչի մասին լայնորեն կլուսաբանվի Եվրոպայում։ Նրանք, ովքեր գիտեն անկեղծորեն աղոթել՝ լուռ կամ երգեցողությամբ, իրենց հավատով և ջանքով աշխարհին կներկայացնեն նաև հային և իր արդար դատը։