23.11.2024
ՀՀ քաղաքացիների մուտքն Իտալիա խստացվել է
prev Նախորդ նորություն

Հայաստանը գլխատվեց խորհրդարանում. 22 տարի անց էլ հոկտեմբերի 27-ի գործում հստակություն չկա

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարվեց ահաբեկչական հարձակում, որի արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերի վերցվել։


Ահաբեկչական խումբը գերի էր վերցրել 91 անձանց, հիմնականում ԱԺ պատգամավորների։ Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել։ Վիրավորված պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։


Գերի մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։


Ահաբեկիչներն են` Նաիրի Հունանյան, Կարեն Հունանյան, Վռամ Գալստյան, Դերենիկ Բեջանյան, Էդուարդ Գրիգորյան:


Համաձայն պաշտոնական վարկածի, ահաբեկչությունն իրականացրած Նաիրի Հունանյանը իր նախաձեռնության կազմակերպել է գործողությունը, մշակել մանրամասները, ներգրավել համախոհների, որոնց օգնությամբ ձեռք է բերել զենք ու մուտք գործել Ազգային Ժողով, և իրականացրել այդ ամենը:


2013 թ-ին Wikileaks կայքը հրապարակել է 2001-2004 թթ-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդուեյի գաղտնի նամակը, որտեղ վերջինս գրում է հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին։ Դեսպանը հատուկ ընդգծում է, որ ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին՝ հանձին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի, ոճրագործության բացահայտման ողջ ընթացքը սեփական վերահսկողության տակ պահելու համար։ Դեսպանը, մասնավորապես, գրում է.


«Չնայած որեւէ կոնկրետ ապացույցի բացակայությանը՝ զոհերի հարազատներն ու ընդդիմադիր լիդերները մեծ մասամբ մեղադրում են Քոչարյանին, որ նա իր վերահսկողությունն է հաստատել դատապրոցեսի վրա, ծածկում է կարևոր կառավարական տեղեկությունները գործի վերաբերյալ՝ փորձելով ամրացնել սեփական քաղաքական դիրքերը»:


Օրդուեյն ընդգծում է, որ Քոչարյանն ու իր կողմնակիցները վճռականորեն ժխտել են իրենց մասնակցությունը սպանություններին, իսկ դեսպանությունը հակառակը վկայող որևէ ապացույց երբևէ չի տեսել:


Մինչ իշխանափոխությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը` Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը, հայտարարել էր, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունը չի բացահայտվի գործող իշխանությունների պարագայում: Ըստ նրա, հանրության 99 տոկոսը կարծում է, որ այդ իրադարձությունները բացահայտված չեն և միայն 1 տոկոսն է պնդում, որ դրանք բացահայտված են:


«Այդ 1 տոկոսը իշխանության մեջ է, այդ 1 տոկոսը այն համակարգերն են, որոնք ներառում են դատական, օրենսդիր, գործադիր մարմինները, որոնք վտանգ են տեսնում բացահայտումներից, ամեն ինչ անելու են, որ գործը չբացահայտվի: Հետևաբար, մեր հանրության 99 տոկոսը կարծում է, որ գործը կբացահայտվի այն պարագայում, երբ Հայաստանում լինի ռեալ իշխանափոխություն, համակարգի փոփոխություն»,- շեշտել էր Արամ Սարգսյանը:


Իսկ ի՞նչ է փոխվել 2018 թվականի իշխանափոխությունից հետո: 


2019-ի դեկտեմբերին, ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել էր հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրի՝ Անահիտ Բախշյանի փաստաբանների բողոքը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված եւ կարճված մասով նոր քննություն սկսելու վերաբերյալ: Գործի այդ մասը, հիշեցնենք, 2000-ին էր առանձնացվել, որպեսզի պարզվեր՝ արդյոք կային հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Սակայն 4 տարի անց Գլխավոր դատախազությունը կարճել էր այն՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։ Կարճված գործի վերաբացումից մոտ երկու տարի անց դրա վերաբերյալ հրապարակային նոր մանրամասներ հայտնի չեն։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործի շրջանակներում բազմաթիվ մարդիկ են հարցաքննվել, փաստաթղթեր են ուսումնասիրվել։ Տեղեկությունը հաստատել է դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։


«Այո, բազմաթիվ հարցաքննվողներ են եղել, մեծաքանակ փաստաթղթերի առգրավումներ են կատարվել։ Դատախազությունը ցուցում է տվել ԱԱԾ-ին, քննչական դեպարտամենտին՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, քննչական կոնկրետ գործողություններ իրականացնելու համար։ Դրանք այս պահին ընթացքի մեջ են»,- մեզ հետ զրույցում նշեց Աբրահամյանը։ Նա գործի մասին շուրջ երկու տարի հրապարակումներ չլինելու հանգամանքը բացատրեց նրանով, որ այն գաղտնիության բավականին մեծ էլեմենտներ է պարունակում։


«Նոր մեղադրանքներ չկան,- ասաց ու վստահեցրեց։- Գործի քննությունը չի քնեցվել»։ Աբրահամյանը, սակայն, չմանրամասնեց, թե գործի շրջանակներում ովքեր են կանչվել հարցաքննության։


Ի դեպ, անցած 2 տարվա մեջ Բախշյանը ընդամենը մեկ անգամ է հրավիրվել հարցաքննության...