Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականները ներկայումս անվանական ցուցակներ են հաստատում ղարաբաղյան հակամարտությունից հետո ռազմագերիների փոխանակման համար: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով, Ռուսաստանը ցանկանում է ջանքեր գործադրել հայ գերիների վերադարձի հարցը վերջնականապես փակելու համար եւ ի սկզբանե այդ հարցը տեւական քննարկումների մի մասն էր, երբ Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները ժամանել էին Մոսկվա:
«Գերիների հարցում սկզբում իսկապես ամենամեծ խնդիրներն ունեցել են հայերը։ Պետք էր, որ կողմերը նախևառաջ ձևավորեին այն մարդկանց ցուցակները, ովքեր կորել էին։ Ադրբեջանը նման ցուցակներ է տվել, եւ դրանք աննշան են եղել, եւ բոլորը ոչ միանգամից, բայց վերադարձվել են։ Իսկ հայկական կողմից ցուցակները ոչ միանգամից և ոչ ամբողջությամբ էին ներկայացվում և հետագայում փոխանակվեցին նրանց հետ, ովքեր մասնակից էին նոյեմբերի 9-ին ավարտված իրադարձություններին։
Բայց հիմա գլխավոր հարցը եղավ դեկտեմբերին Հադրութի շրջանում ծագած հարցը, երբ այնտեղ ուղարկված հայ զինծառայողների մեծ մասը գերի ընկավ։ Ադրբեջանը հայտարարել է, որ քանի որ այդ մարդիկ զինադադարից հետո տեղափոխվել են այդ շրջան, ապա այն պետք է դիտարկել առանձին կարգով։ Բայց մենք եւ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջ ենք տանում հարցի քննարկումը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի այն փակենք եւ առաջնորդվենք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով», - նշել է Լավրովը:
Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է՝ պարզվել է, որ գերիները 62-ից ավելի են, ինչպես ավելի վաղ էր ասվել, եւ այժմ ցուցակները ճշտվում են, որպեսզի հասկանան, թե որտեղ կարող են գտնվել այդ մարդիկ: «Ռուսական զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը շարունակում է կապի մեջ լինել հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ այդ հարցի շուրջ», - ասել է Լավրովը:
Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությանը, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում վեցշաբաթյա մարտական գործողություններին, ապա, Լավրովի խոսքով, այն ոչ մի «գաղտնի հավելված» չի պարունակում, ինչպես փորձում են ներկայացնել որոշ շրջանակներ:
«Գաղտնի հավելվածներ չկան։ Եվ ես չեմ տեսնում, թե ինչ թեմաներ կարող են լինել ինչ - որ «գաղտնիքների» առարկա», - հայտարարել է նա։