25.11.2024
Թուրքիայի խորհրդարանում ցուցադրվել են ցեղասպանության ժամանակ սպանված հայ պատգամավորների նկարները. Bianet.org
prev Նախորդ նորություն

Նախարարը բարձրաձայնում է ՀՀ տնտեսության հիմնական խնդիրների մասին

«ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի ունեցավ «ԻՆՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ 2016» բիզնես ֆորումը, որը երկրորդ տարին անընդմեջ կազմակերպել էին BPA (Busines Partners of Armenia) ընկերությունն ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։ Հանդիպման սկզբում զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ով իր խոսքում անդրադարձավ Հայաստանի տնտեսության առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրներին:

Նախարարի խոսքով` առաջին խոշոր հիմնախնդիրը վերաբերում է մեր տնտեսության մեջ այսօր դիտարկվող պարտքի չափազանց մեծ բեռի առկայությանը, ինչը սահմանափակում է մեր տնտեսվարող սուբյեկտներին առավել ակտիվ գործունեություն ծավալել, իսկ առանձին դեպքերում նրանք նաև որոշակի ճգնաժամային վիճակում են հայտնվում:

«Էկոնոմիկայի նախարարությունն արդեն բազմաթիվ ահազանգեր ունի այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտներն ի վիճակի չեն սպասարկելու պարտքային բեռը: Որպես կարևորագույն լուծում` մենք առաջարկել ենք քննարկման առարկա դարձնել պարտքի վերակազմավորման, արժեթղթավորման, ինչպես նաև տնտեսության ճգնաժամային կառավարիչների ներգրավման մոտեցումը, ինչը թույլ կտա մեր տնտեսության մեջ այդ սուբյեկտներին վերանայելու և ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու տնտեսության կառավարման հարցերում: Անշուշտ, այս քաղաքականությունը չի կարող երկարատև լինել, որովհետև դրանով մենք կարող ենք վնասել ֆինանսական կայունությունը, բայց որ այս փուլում սկզբունքային նշանակություն է ստանում պարտքի բեռի թեթևացումը և մեր համախառն արտաքին պարտքի էական վերակազմավորումը, դա միանշանակ է, և սա այսօր մեր տնտեսության կարևորագույն մարտահրավերներից մեկն է»,- ընդգծեց նա, հայտնում է B4B.am-ը:

Ըստ Արծվիկ Մինասյանի` երկրորդ կարևոր խնդիրը ներդրումներն են: Նա նկատեց` ներդրումների ներգրավման տեսակետից մենք այսօր կարիք ունենք օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի առավել ամբողջացման. «Սկզբունքային նշանակություն ունեն ներդրողների իրավունքների պաշտպանության հարցերը, որտեղ առանձնակի կարևորվում է նաև փոքր բաժնետերերի իրավունքների պաշտպանությունը: Պետք է ցավով արձանագրենք, որ այս մասով այս պահին մենք չունենք այնքան հզոր մեխանիզմ, որը թույլ կտա անգամ փոքր, անուղղակի կամ թեկուզ ուղղակի ներդրողների իրավունքների լիարժեք պաշտպանություն իրականացնել, ինչն էականորեն նաև սահմանափակում է որոշումների կայացման հնարավորությունը օտարերկրյա ներդրողների համար:

Իսկ ահա երրորդ ուղղությունը մրցակցային միջավայրն է: Սահմանադրական նոր կարգավորումների համաձայն` մենք պետք է իրականացնենք առավել ակտիվ մրցակցային քաղաքականություն, այդ թվում նաև հակամենաշնորհային ակտիվ քաղաքականություն, ինչը ենթադրում է նոր օրենսդրություն, նոր մոտեցումներ»,- նշեց նա:

Կարևոր խնդիրների շարքում Արծվիկ Մինասյանը նաև առանձնացրեց ոլորտային աջակցության սխեմաները: Ըստ նրա` այսօր ունենք մի քանի ոլորտներ, որոնք Հայաստանի տնտեսության հիմնական առավելություններն են: Դրանք առաջին հերթին տեղեկատվական տեխնոլոգիաներն են, որոնք այսօր տարածաշրջանում համարվում են լավագույնը, և հենց այս ոլորտն է, որ կարող է նաև առաջիկայում էական առաջընթաց արձանագրել նաև տնտեսության մյուս ճյուղերի համար. «Խոսքը վերաբերում է նաև տեխնոլոգիական փոփոխություններին, որովհետև մեր տնտեսության առջև ծառացած մյուս կարևոր խնդիրը տնտեսության տեխնոլոգիական վերազինումն է: Առանց դրա` մենք չենք կարող ժամանակակից տնտեսական առաջընթաց արձանագրել: Առանց արտադրողականության աճի` մեր տնտեսությունները կմնան միշտ երկրորդ պլանում: Այս տեսանկյունից` տեղեկատվական տեխնոլոգաների ու ինովացիաների ոլորտը գերակայություն է համարվում, և մենք շարունակելու ենք այս ուղղությամբ հստակ քաղաքականություն իրականացնել»,- ասաց նա:

Նախարարի խոսքով` տնտեսության կարևոր ուղղություններից է նաև զբոսաշրջության ոլորտը, և այստեղ մենք իսկապես մեծ պոտենցիալ ունենք, մեծ հնարավորություն, որ զբոսաշրջության ոլորտի ճիշտ քաղաքակաանության միջոցով կարող ենք էական տնտեսական եկամուտ ապահովել մեր երկրի համար:

«Սրան զուգակցվում է նաև ավիացիոն քաղաքականությունը, որտեղ մենք, որդեգրելով բաց երկնքի քաղաքականությունը, այսօր ունենք էական առաջընթաց այս մասով, մասնավորապես բազմաթիվ ավիաընկերություններ իրենց մուտքն են ապահովում հայկական օդային տարածք: Առաջիկայում մենք սպասում ենք շատ ավելի հիմնավոր ավիաընկերությունների մուտք, ինչն էականորեն նաև կթեթևացնի, կիջեցնի այն գները, որոնք այսօր մեր օդային փոխադրումներում կան: Մենք մրցակցության մեջ պետք է ունենանք նաև կայուն և Հայաստանում բազավորված ավիաընկերություններ: Դա նշանակում է` մենք պետք է այստեղ ունենանք թեկուզ օտարերկրյա ընկերություններ, որոնք կարող են Հայաստանից իրականացնել տարբեր չվերթեր` օգտվելով նաև 5-րդ ազատության իրավունքից, այսինքն` այս քաղաքականության միջոցով մենք ցանկանում ենք հետագայում Հայաստանը դիտարկել նաև որպես տարանցիկ կարևոր փոխադրման վայր»,- շեշտեց Մինասյանը:

Հիմնախնդիրների շարքում նախարարը դիտարկեց նաև արդյունաբերական քաղաքականությունը: Ըստ նրա` թեև այստեղ մենք ունենք արդյունաբերական աջակցության ռազմավարություն, ռազմավարական գործիքներ, սակայն կարիք ունենք նոր վերանայումների: «Դրա համար մեր առաջիկա սկզբունքային հարցերից մեկն արդյունաբերական քաղաքականության ռազմավարության վերանայումն է լինելու, գործիքների համալրումն ու ընդլայնումը, որպեսզի արդյունաբերական քաղաքականության մեջ մենք ունենանք շատ ավելի մեծ արդյունքներ»,- հավելեց նա: