23.11.2024
Նոր պարգևատրումներ ԱԺ-ում. Արարատ Միրզոյանի կարգադրությունը
prev Նախորդ նորություն

Օրենքի և դատական համակարգի թույլ կողմերը. Պետդեպը՝ ՀՀ-ում ներդրումային միջավայրի մասին

ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ ծավալուն հայտարարություն-զեկույց է հրապարակել, որում մասնավորապես նշվում է, որ հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ տարվող պայքարում առաջընթացը և որոշ ոլորտներում բարելավումները բարձրացնում են Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային նպատակակետ, օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, թեև ներդրողները դեռևս մատնանշում են առկա մի շարք խոչընդոտները:


Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, որը հրապարակված զեկույցից առանձնացրել է որոշ կարևոր շեշտադրումներ, վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը միջազգային ինդեքսներում ստացել է պատկառելի վարկանիշներ, որոնք գնահատում են երկրի բիզնես-միջավայրը և ներդրումային միջավայրը: Հայաստանում առկա են ԱՄՆ նշանակալի ներդրումներ: ԱՄՆ ներդրողները Հայաստանում բանկային, էներգետիկ, դեղագործական, տեղեկատվական տեխնոլոգիաների և հանքարդյունաբերության ոլորտներում, ի թիվս այլոց, մուտք են գործել կամ ձեռք բերել ակտիվներ: «Հայաստանը ներդրողների համար բազմազան հնարավորություններ է ներկայացնում, և երկրի օրենսդրական դաշտն ու կառավարության քաղաքականությունը նպատակ ունեն ներդրումներ ներգրավել, սակայն միջավայրը զերծ չէ մարտահրավերներից: Խոչընդոտներ են, օրինակ, Հայաստանի շուկայի փոքր չափը, հարաբերական աշխարհագրական մեկուսացումը` Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների հետ կապված, օրենքի գերակայության և դատական համակարգի թույլ կողմերը և կոռուպցիայի ժառանգությունը»,-նշված է զեկույցում:


ԱՄՆ պետդեպարտամենտը հիշեցրել է, որ 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի է ունեցել կառավարության կտրուկ փոփոխություն: «2018-ի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները հանգեցրին բազմաթիվ խորհրդարանականների իշխանությունից դուրս գալուն, որոնք, ինչպես հայտնի է, Հայաստանում ունեին նշանակալի բիզնեսներ և տնտեսության խոշոր հատվածներում մեծ բաժինների էին տիրապետում: Համակարգային կոռուպցիան վերացնելու ջանքերի շրջանակում ընթանում է հակակոռուպցիոն արշավ: Ընդհանուր առմամբ, Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, բայց որոշ բիզնեսներ հայտնել են, որ դատական, հարկային, մաքսային, առողջապահական, կրթական, ռազմական և իրավապահ մարմիններում ավելի մեծ բարեփոխումներ են անհրաժեշտ այդ նվաճումները մեծացնելու համար: Չնայած կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացին և որոշ ոլորտներում բարելավումներին, որոնք բարձրացնում են Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային նպատակակետ, ներդրողները պնդում են, որ բազմաթիվ մտահոգություններ դեռ մնում են և պետք է լուծվեն թափանցիկ, արդարացի և կանխատեսելի բիզնես միջավայր ապահովելու համար: Երկրի լեռնարդյունաբերության ոլորտում ներդրումային վեճը միջազգային մեծ ուշադրություն է գրավել և մի քանի տարի անց մնում է չլուծված»,-ասված է տեքստում՝ նկատի ունենալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը:


Շեշտվում է, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ողջունում է օտարերկրյա ներդրումները:


Հայաստանի ներդրումային և առևտրային քաղաքականությունը համեմատաբար բաց է: Օտարերկրյա ընկերություններն օրենքով արժանանում են նույն վերաբերմունքին, ինչ հայկական ընկերությունները: «Հայաստանն ունի ուժեղ մարդկային կապիտալ և լավ կրթված բնակչություն, մասնավորապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում, որոնք նշանակալի ներդրումներ են կատարում բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Բազմաթիվ միջազգային ընկերություններ Հայաստանում մասնաճյուղեր կամ դուստր ձեռնարկություններ են հիմնել՝ օգտվելով երկրի մի խումբ որակյալ մասնագետներից և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ունեցած դիրքերից»,-ասված է զեկույցում:


Իշխանափոխությունից հետո բացահայտվել են մի շարք աղմկահարույց գործեր՝ համակարգային կոռուպցիան վերացնելու ջանքերի շրջանակներում: «Այս զարգացումները ծառայում են Հայաստանի ներդրումային միջավայրի և մրցակցային միջավայրի բարելավմանը, չնայած կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ինստիտուցիոնալացվի երկարաժամկետ կտրվածքով, հատկապես կարևոր ոլորտներում, ինչպիսիք են դատական համակարգը, հարկային և մաքսային գործառնությունները, առողջապահությունը, կրթությունը, ռազմական և իրավապահ հատվածները: Օտարերկրյա ներդրողները դեռ մտահոգված են օրենքի գերակայությամբ և հավասար վերաբերմունքով: ԱՄՆ ընկերությունները նաև հաղորդել են, որ ներդրումային միջավայրը աղտոտված է նրանով, որ մտավոր սեփականության իրավունքը չի կիրառվում: Եղել են մտահոգություններ անկախ և ուժեղ դատական համակարգի բացակայության վերաբերյալ, ինչը խարխլում է կառավարության կողմից հավասար վերաբերմունքի և թափանցիկության հավաստիացումները»,-ասված է զեկույցում:


Ներդրողները, սակայն, որոշակի խոչընդոտներ տեսնում են Հայաստանում:


«Մրցակցությունը խթանելու համար ՀՀ կառավարությունն օգտագործում է թափանցիկ քաղաքականություն և օրենքներ: Ոմանք հայտնում են, որ Հայաստանի նոր կառավարությունը հետևել է այս օրենքների և քաղաքականության առավել հետևողական կատարմանը՝ փորձելով բարելավել շուկայի մրցակցությունը և վերացնել դեպի շուկա մուտքի ոչ ֆորմալ խոչընդոտները՝ հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների համար: Մրցակցության պաշտպանության մասին Հայաստանի օրենսդրությունը բարելավվել է հստակ սահմանումներով և նոր ներդրված հայեցակարգերով, ինչպիսիք են գների մանիպուլյացիան, տուգանքների կիրառումը որպես եկամտի տոկոս և պետական պաշտոնյաների տույժերը: Այնուամենայնիվ, ընկերությունները հավասար պայմաններ ապահովելու համար միայն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ջանքերը համարում են անբավարար: Նրանք նշում են, որ անհրաժեշտ են բարելավումներ այլ պետական հաստատություններում և մարմիններում, որոնք աջակցում են մրցակցությանը, ինչպիսիք են դատարանները, հարկերը և մաքսերը, պետական գնումները և իրավապահ մարմինները»,-ասված է զեկույցում:


Նշվում է նաև, թե բազմաթիվ ուսումնասիրություններով՝ տեղական շուկաներում շարունակվում է մրցունակության պակասը: Բանկային վերահսկողությունը համեմատաբար լավ զարգացած է և հիմնականում համապատասխանում է Բազելի հիմնական սկզբունքներին:


Բիզնեսները, սակայն, հակված են կարծելու, որ Հայաստանի շատ դատարաններն ունեն արդյունավետության, անկախության և պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակ, ինչը խթանում է դատական համակարգը ուժեղացնելու անհրաժեշտությունը: