Հայաստանը Հալեպի բուժհաստատություններին է փոխանցել ավելի քան 2 տոննա բժշկական պարագաներ
2020 թվականի օգոստոսի 24-ին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է ավելի քան 2 տոննա բժշկական և առողջապահական պարագաններ:
Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների համար և «Հայ ծերանոց», «Դարմանատուն», «Բեթել» ընկերաբժշկական կենտրոններում, մի շարք այլ բուժ հաստատություններում ցուցաբերած բժշկական ամենօրյա օժանդակության համար: Նրանց խոսքով՝ հայ և սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում տուժածներին օգնելու համար:
Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանի իշխանություններին, առողջապահական մարմիններին` առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության և աջակցության համար։
Հայաստանի մարդասիրական խումբը Սիրիայի «Օգնության Խաչ»-ի վարչության համագործակցությամբ, Հալեպում հայ համայնքին պատկանող «Ազգային Պատսպարան» մանկատան սաներին փոխանցել է անհրաժեշտ պարագաներ և սնունդ: ՍՕԽ-ի վարչակազմը ողջունել և շնորհակալություն է հայտնել մարդասիրական խմբին այս դժվար պայմաններում օգնություն ցուցաբերելու և երեխաների մասին հոգալու համար: