24.11.2024
Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել ԵԽԽՎ-ին
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն պատրաստ է շարունակել օժանդակել ՀՀ-ին. հանդիպում կառավարությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի գրասենյակի լրատվական ծառայությունից։


Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական խորացման ու սերտացման կարևորությունը և այս համատեքստում անդրադարձել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Հայաստանի կառավարությունը հետևողական է ժողովրդավարության զարգացման, դատաիրավական համակարգի արմատական բարեփոխման, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ շարունակական քայլերի, ծրագրերի իրականացման գործում, և ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կնպաստի Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:


Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրոպական միությունը ևս կարևորում է Հայաստանի հետ համագործակցության դինամիկ զարգացումը և պատրաստ է շարունակել օժանդակել մեր երկրին՝ տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու գործում:


Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով և հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին:


ՀՀ վարչապետն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի և զարգացումների շուրջ: