25.11.2024
Վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ-երի նորագույն ռազմական տեխնիկաները
prev Նախորդ նորություն

Մամուլ. ՀՀԿ-ի «գաստրոլները». Եվրոպան չի՞ վստահում նորերին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» թերթը գրում է. «Այսօր՝ ապրիլի 4-ին, Գերմանիայի Բունդեսթագը քննարկելու է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցը: «Փաստ» թերթին հայտնի է դարձել, որ ՀՀ-ից այդ հարցի քննարկմանը հրավիրվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ինչը համարվում է խիստ հատկանշական եւ բազմաշերտ ժեստ: Փաստացի այս հրավերով եվրոպացիները նախ՝ ակնարկում են, որ այդ համաձայնագրի նախապատրաստումը եւ ստորագրումը նախորդ իշխանությունների անուրանալի լուման է եղել, եւ երկրորդ՝ հաստատում, որ ՀՀԿ-ականներն անցյալում լուրջ աշխատանք են կատարել: Ըստ էության, Աշոտյանին հրավիրելով՝ գնահատական տալուց զատ շեշտադրում է արվում, որ անկախ արտախորհրդարանական կարգավիճակից՝ իրենք շարունակում են աշխատել ՀՀԿ-ականների հետ: Այստեղ, ըստ ամենայնի, մեծ նշանակություն է ունեցել նաեւ ՀՀԿ-ի՝ ԵԺԿ անդամ լինելու հանգամանքը, նաեւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի շրջանակներում ՀՀԿ-ի ծավալած համագործակցությունը: Սակայն որոնք էլ լինեն հիմնական շարժառիթները, փաստն այն է, որ այսօրվա կարեւորագույն հարցի քննարկմանը ՀՀ-ն հրավիրված է ՀՀԿ-ի, մասնավորապես՝ Աշոտյանի դեմքով: Ի դեպ, թերթի տեղեկություններով, այդ քննարկմանը գործող ԱԺ-ից ոչ ոք չի հրավիրվել: Դժվար է ասել՝ այս քայլով ներկայի ու ապագայի տեսակետից ինչ «ստավկաներ» է անում եվրոպական գերտերությունը, բայց, մեր աղբյուրների պնդմամբ, ՀՀԿ-ի ռեբրենդինգի համար «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը լուրջ աշխատանքներ է տանում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 25-ին ԱԺ խորհուրդը վերջապես հաստատեց նոր խորհրդարանի բարեկամական խմբերի կազմն ու ղեկավարներին, որը ՀՀԿ-ական պառլամենտի բարեկամական խմբերի «քոփի-փեստն» է` քանակով, հիմնական ուղղություններով: Սակայն «նրբերանգներն» այլ տեղ են. Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար է նշանակվել Լիլիթ Մակունցը․ նախկինում Արփինե Հովհաննիսյանն էր, ասել է թե` փոխնախագահ Լենա Նազարյանին չի վստահվել այդ կարեւոր ուղղությունը: Ի դեպ, Մակունցը Լենայի ձեռքից տարել է նաեւ Արփինեի ղեկավարած մյուս` Հայաստան-Մեծ Բրիտանիա խումբը եւս: Ռուբեն Ռուբինյանը, որն ամեն տեղ «փոխարինում» է Արմեն Աշոտյանին, դարձել է Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, որը ղեկավարում էր Աշոտյանը: «Դիրքերն ամրացրել է Ալեն Սիմոնյանը` դառնալով ամենակարեւոր խմբի` հայ-ռուսականի համանախագահ եւ ոչ միայն․ ստանձնել է նաեւ ամենակարեւոր ուղղություններից մեկի` Հայաստան-Իսրայել խմբի ղեկավարումը։ Նորերը նախկինների բարի ավանդույթը շարունակել են ընդդիմադիրներին բարեկամական խմբերի ղեկավարների պաշտոններ տալով, սակայն՝ նոր ընթերցմամբ. խորհրդարանական դիվանագիտության մեջ բավականին եփված Էդմոն Մարուքյանին վստահվել է Հայաստան-Բահրեյն, Հայաստան-Լյուքսեմբուրգը, իսկ Նաիրա Զոհրաբյանին՝ արաբական աշխարհը` Հայաստան-Եգիպտոս, Հայաստան-Հորդանան»,- արձանագրեց ԱԺ մեր աղբյուրը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 26-ին ՄԱԿ-ի՝ պաշտպանության նախարարների խաղաղապահության համաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը որեւէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունում՝ Պենտագոնում: ԱՄՆ իշխանություններն այդպես էլ չեն կարողանում մարսել Հայաստանի՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու որոշումը եւ ամեն հարմար առիթով ի ցույց են դնում իրենց վերաբերմունքը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2018 թվականի օգոստոսի 17-ին, ՀՀ ՊՆ հրամանով, ժամկետային զինծառայողներին թույլատրվել է բջջային հեռախոսներից օգտվել: Միաժամանակ, ՊՆ-ն սահմանել է հեռախոսից օգտվելու կարգը: Ըստ էության, նախարարի այս որոշումը ոգեշնչեց շատ զինվորների ծնողների, սակայն բանակում հեռախոս պահելու գործընթացը նախարարությունում նոր որոշում կայացնելու պատճառ է դարձել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը որոշում է կայացրել, որ սպաները եւս կարող են հեռախոս ունենալ, բայց ոչ սմարտֆոն: Նման հեռախոսներ ունենալն արգելված է նաեւ սպաներին: ԳՇ պետի այս որոշումը Պաշտպանության նախարարությունում ներքին տարաձայնության ու ոչ հաճելի խոսակցությունների պատճառ է դարձել»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացվել է, ապրիլի 1-ին վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը: Ազատման պատճառն իսկապես կոնֆլիկտն է եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ: Դա Այվազյանն էլ չի թաքցնում: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, այստեղ ուշագրավ շերտեր կան, ու իրականում պաշտոնին անհամապատասխանության ու անգործության մասին «սլիվներն» ընդամենը շղարշ են: Բանն այն է, որ Աղաջանյանը հանձնարարական է իջեցրել Այվազյանին, այնինչ հանձնարարականը որեւէ կերպ չի առնչվել գրասենյակի գործառույթների հետ:  Հայկ Այվազյանը գրությամբ պատասխանել է, որ իրենց լիազորությունները բացառապես խորհրդատվական ու մեթոդաբանական են, ուստի չեն կարող դրանցից դուրս որեւէ գործառույթ իրականացնել: Աղաջանյանը նորից պնդել է, որ գրասենյակը պարտավոր է կատարել աշխատակազմի ղեկավարի հանձնարարականը, ու այդպես մի քանի անգամ: Արդյունքում Էդուարդ Աղաջանյանն իր օգնականի միջոցով Հայկ Այվազյանին տեղեկացրել է, որ այլեւս չի ցանկանում աշխատել նրա հետ: Ուշագրավ է, որ Այվազյանի ազատման օրն իսկ նշանակվել է գրասենյակի նոր ղեկավար»:


«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության աշխատակազմում աշխատանքից ազատվել են վարչապետի արարողակարգի պետ Ալեքսանդր Մխիթարյանը, կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտա Ազարյանը (Արթուր Վանեցյանի մայրը) և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Սարգսյանը: Եթե սրան գումարենք նաև Հայկ Այվազյանի ազատումը, ստացվում է, որ եթե սկզբնական շրջանում ՀՀԿ-ականներին և, այսպես կոչված, «այլախոհներին» էին աշխատանքից ազատում և մաքրում իրենց շրջապատը, ապա հիմա «հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին»: Դա պայմանավորված է նրանով, որ իշխանության ներսում ակնհայտ թիմային բաժանումներ են տեղի ունենում, և յուրաքանչյուր բլոկը փորձում է ճիշտ դիրքավորվել իշխանական տիրույթում, իսկ ձևավորված թիմերը միմյանց ոչնչացման գործընթաց են սկսել: Այստեղ միակ բացառությունը երևի թե Մարգարիտա Ազարյանն է, ով, ըստ մեր տեղեկությունների, ազատվել է իր դիմումի համաձայն՝ թոշակի անցնելու կապակցությամբ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության փոխնախարար, կալանավորված Արսեն Դավթյանը, որը պետպատվերի հետ կապված մեքենայությունների մեջ է մեղադրվում, հնարավորություն է ունեցել պետպատվերի վերաբաշխումներ իրականացնել գրեթե ամեն ամիս։ Դա օրենքը չի արգելում, քանի որ բուժհաստատությունները երբեմն չեն ծախսում իրենց հատկացված գումարը կամ գերածախս են անում եւ ընթացքում դիմում են նախարարություն՝ գումարը վերանայելու խնդրով։ Հունվարին Ռազմիկ Աբրահամյանի կենտրոնը մոտ 200 միլիոն դրամ պակաս է ֆինանսավորվել, եւ կաշառք տալու «ջանքերն» ուղղված են եղել գումարն ավելացնելուն։ Մենք փորձեցինք ստանալ նախարարության կողմից այս տարի իրականացված պետպատվերի վերաբաշխումների ցանկը, որից պարզ կդառնար, թե ուրիշ որ կազմակերպությունների հանդեպ է նախարարությունն «առատաձեռն» եղել, սակայն մեզ մերժեցին՝ նախաքննական գաղտնիք է։ Ի դեպ, այս օրերին նույնպես նախարարությունում պետպատվերի վերաբաշխում է ընթանում, որն իրականացնում է աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանը՝ մի քանի պաշտոնյայի հետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից ստեղծվել է ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը: Հանձնաժողովը բաղկացած է յուրաքանչյուր ֆակուլտետից մեկական ներկայացուցչից, եւ երկու ներկայացուցիչ՝ ուսանողական խորհրդից: Այս հանձնաժողովը՝ Վահե Հովհաննիսյաեւնի գլխավորությամբ, ընդամենը երկու նիստ է արել եւ հանգել է այն եզրակացությանը, որ որոշ դեկաններ եւ ամբիոնի վարիչներ չեն համապատասխանում իրենց պաշտոններին, հենց նրանք են խանգարում ԵՊՀ-ի բարեփոխմանը: Այս որոշմանը հանգելուց հետո, ըստ մեր տեղեկությունների, Հովհաննիսյանը սկսել է դեկաններից եւ գնացել է այս մի քանի դեկանների մոտ, առաջարկել նրանց դիմում գրել եւ ազատվել զբաղեցրած պաշտոններից: Մասնավորաեւպես գնացել է Երկրաբանության ֆաեւկուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի մոտ եւ պնդել, որ նա չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին եւ ավելի լավ է՝ օր առաջ դիմում գրի եւ գնա, ինչին Մարատ Գրիգորյանը տվել է շատ կոշտ պատասխան. «Ուղարկողիդ ասա՝ թող ինքը դիմում գրի», եւ կոպիտ ձեւով դուրս է հրավիրել իր աշխատասենյակից, որից հետո Վահե Հովհաննիսյանը գնացել է Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի մոտ՝ նույն առաջարկ-պահանջով: Այդտեղ նույնպես ստանալով նմանատիպ բացասական ու կոպիտ արձագանք՝ որոշել է չգնալ մյուս դեկանների՝ տնտեսագիտակաեւնի դեկան Հայկ Սարգսյանի, Կենսաբանականի դեկան էմիլ Գեւորգյանի, Միջազգային հարաբերությունների դեկան Գեղամ Պետրոսյանի ու մի քանի այլ դեկանների մոտ, հարցը մի քիչ էլ «եփել», նոր շարունակություն տալ: Հեռանալու վտանգի առջեւ հայտնված դեկանները եւ ամբիոնի վարիչները պնդում են, որ հանձնաժողովն ստեղծվել է ոչ թե ԵՊՀ-ում բարեփոխումներ անելու, այլ բարեփոխելու իմիտացիա ստեղծելու եւ Սիմոնյանի պաշտոնավարումը եւս մի քանի ամսով երկարաձգելու համար»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ որպես վկա հարցաքննվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում: Նա հարցաքննվել է Մանախ մականունով Արթուր Այվազյանի դեմ 2017թ. հարուցված քրեական գործի շրջանակներում: Դեպքը տեղի էր ունեցել 2017թ.-ի ԱԺ ընտրություններից երկու օր առաջ՝ մարտի 31-ին` կեսգիշերին մոտ. Մանախը զինված հարձակվել էր այդ ժամանակ «ԵԼՔ» դաշինքի համակիր, այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա: Դատարանում վկայի կարգավիճակով ՀՀ վարչապետի հարցաքննությունն ինքնին ուշագրավ է: Սա այն դեպքերից է, երբ կարելի է ասել՝ կատարվածն աննախադեպ է: Նախկինում ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա (էլ չենք ասում՝ պետության ղեկավար) դատարանում վկայի կարգավիճակով չի հարցաքննվել, թեեւ եղել են անձինք, որ աղմկահարույց քրեական գործով անցել են, օրինակ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի գործով վկա էր: Այն ժամանակ դատարանում հրապարակվեցին Քոչարյանի նախաքննական ցուցմունքները: 27-ի գործով դատարանում չհարցաքննվեց նաեւ այն ժամանակ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որն էլ տուժող էր, եւ հրապարակվեցին նախաքննական ցուցմունքները: Փաշինյանի այս քայլն ինչ-որ տեղ խորհրդանշական է. պետության ղեկավարը, դատարան գալով, ցույց է տալիս արդարադատության հանդեպ հարգանքը, որ բոլորը հավասար են օրենքի առաջ` անկախ իրենց զբաղեցրած դիրքից: Ու եթե հարկավոր է որպես վկա հարցաքննվել որեւէ գործով, ապա անգամ պետության ղեկավարը պարտավոր է ներկայանալ դատարան, այլ ոչ թե օրենսդրական սողանցքներ փնտրի իրեն «ավելորդ տեղը» նեղություն չտալու համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում դիալիզի նախկին մրցույթի եւ «Զորաշենի» պայմանագրի չեղարկումից հետո կրկին մրցույթ է եղել։ Հիշեցնենք` ժամանակին մրցույթին մասնակցելու համար դիմել էր 7-8 ընկերություն։ Ընդ որում՝ հաղթել է ոչ թե Դոն Պիպոյի անվան հետ կապվող «Ֆրեզանյուզը», այլ մի երրորդ ընկերություն: Ի դեպ, մինչեւ վերջերս հեռախոսազանգերին սիրով պատասխանող ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանը դիալիզի պատմությունից հետո դարձել է «չխոսկան»: Նշենք, որ վերջերս առերեսում է տեղի ունեցել հիվանդանոցի տնօրենի եւ կալանավորվածների միջեւ: Մեր աղբյուրի փոխանցմամբ` առ այս պահը Դավիթ Սանասարյանի ղեկավարած կառույցը` ՊՎԾ-ն, աուդիտ է անցկացնում հիվանդանոցում: «Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում» հարցին մեր զրուցակիցը բազմանշանակ ասաց․ «Դաժան»: Աուդիտն առնչվում է ներկա՞ տնօրենի ժամանակահատվածին, թե՞ նախկին։ «Ներկա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նշանակեց Վարդան Մելքոնյանին, ով այդ պաշտոնում փոխարինեց Ինեսա Գաբայանին: Այս նշանակումը համակարգում ընդունվել է հետեւյալ ձեւակերպմամբ՝ մրից ելանք, ընկանք մրջուրը: Խնդիրն այն է, որ Մելքոնյանը ոլորտի մասնագետ չէ, նա այնքան հեռու է այս համակարգից, որ նրա կենսագրությունը որեւէ տեղ չհրապարակվեց: Ըստ համակարգին ծանոթ մասնագետների՝ նա մասնագիտությամբ թարգմանիչ է եւ որպես թարգմանիչ է առնչվել համակարգի հետ: Վարչապետ Փաշինյանին մի քանի փորձառու թեկնածու է առաջարկվել, որոնք կարող էին ղեկավարել համակարգը, բայց բոլորի համար անհասկանալի նրա ընտրությունը կանգ է առել Մելքոնյանի վրա»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է կառավարության այլընտրանքային կառուցվածքի մասին իր օրենսդրական առաջարկը։ Հետաքրքիր է, սակայն, փաստը, որ նախագիծը վերջնական տեսքի բերելու հարցում մեծ դերակատարում են ունեցել ՀՅԴ-ականները։ ԼՀԿ-ն առաջարկում է, որ երկու փոխվարչապետի փոխարեն լինեն երեքը, եւ այդ մեկն էլ պետք է վերահսկի Սփյուռքի ոլորտը եւ լինի Սփյուռքի եւ հայրենադարձության հարցերով փոխվարչապետ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տեսակետը ձեւավորվել է ԼՀԿ պատգամավորների՝ ՀՅԴ ներկայացուցիչերի ու որոշ սփյուռքահայերի հետ քննարկումների արդյունքում: ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ «Դաշնակցությունն» իրենց բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել, սակայն եղել են նաեւ այնպիսինները, որոնք չեն ընդունվել։ Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն վերջերս փորձում է համագործակցել արտախորհրդարանական ընդդիմության, մասնավորապես` ՀՅԴ-ի հետ, եւ նրանց հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Հնարավոր է` ԼՀԿ առաջարկին միանա նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի հայտնի հայտարարությունից հետո Իսրայելն արդեն իսկ մշակել է այդ տարածքների զարգացման ծրագիր, որը ենթադրում է ավելացնել բնակչությունը եւ հասցնել մոտ քառորդ միլիոնի, ստեղծել նոր քաղաքներ, նոր ենթակառուցվածքներ եւ այլն: Այլ կերպ ասած, Իսրայելն արդեն իսկ ձեռնամուխ է լինում վերաբնակեցման քաղաքականության: Անշուշտ, միամիտ է կարծել, որ ծրագիրը մշակվել է նոր, սակայն սա արդեն կարեւոր չէ: Կարեւոր է մոտեցումը, որը պետք է օրինակ լինի նաեւ Հայաստանի, հայկական կողմի համար՝ արցախյան հարցում: Թրամփի հայտարարությունից հետո հայաստանյան փորձագիտական դաշտն արձանագրեց, որ սա որոշակի նախադեպային խաղաքարտեր է տալիս հայկական դիվանագիտությանը, որն ուղիղ եւ բաց օգտագործելը դժվար պատկերացնելի է, սակայն որը հնարավոր է կիրառել դիվանագիտական խոհանոցում: Սրան հաջորդում է մեկ այլ «նախադեպ» Հայաստանի համար՝ վերաբնակեցումը: Այս դեպքում չակերտներով, քանի որ, խոշոր հաշվով, վերաբնակեցման մասին Հայաստանում եւ Արցախում խոսում են վաղուց, սակայն գործնական առումով վերաբնակեցում տեղի է ունեցել միայն Լաչինում ու Քարվաճառում, այն էլ, մեծ հաշվով, ոչ բավարար արդյունավետությամբ եւ ռազմավարությամբ: Միեւնույն ժամանակ, խնդիրը ամբողջական հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների, այդ թվում՝ Արաքսի հովտի վերաբնակեցումն է, որը անցնող քառորդ դարում փաստորեն եղել է լիովին բարձիթողի վիճակում: Թե ինչու, մնում է միայն ենթադրել:


Ավելին, աղաղակող էր, երբ հայկական կողմը 2004 թվականին հպարտանում էր ԵԱՀԿ մոնիթորինգի խմբի առաջ, թե չի վերաբնակեցրել տարածքները, երբ խումբն Ադրբեջանի պահանջով իրականացնում էր հենց այդ հարցի մոնիթորինգ: Սա, իհարկե, ընդհանուր առմամբ քառորդ դարի անհամարժեք քաղաքականության հետեւանքն էր, որը ցավալիորեն պայթեց Ապրիլյան պատերազմում: Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը Արաքսի հովտում արեց հայտնի հայտարարությունը, այդ թվում՝ վերաբնակեցման մասին: Սա աննախադեպ էր այն իմաստով, որ հնչում էր մինչ այդ նույնիսկ մոտ կալիբրով այդպիսի հայտարարության բացակայության պայմաններում: Սա արդեն իսկ նշանակալի իրողություն է, սակայն շատ կարեւոր է, որ այդ խոսքը հնարավորինս արագ սկսի վերածվել առարկայական գործի, ինչը չափազանց կարեւոր գործոն է լինելու նաեւ հայկական արտաքին քաղաքականության դիրքերի տեսանկյունից:  Անկասկած է, որ կա անհրաժեշտ ներուժ, որը հնարավոր է մոբիլիզացնել քաղաքական կամքի առկայության պայմաններում: Իսկ կամքի մասին վկայեց հենց Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որն այժմ պահանջում է գործով շարունակություն»:


«168 ժամ» թերթը գրում է. ««Իրավիճակն արտաքինից, կարելի է ասել, որ հանգիստ է։ Եթե մենք իրավիճակին նայենք, կարող է՝ սխալվենք»,- ապրիլյան պատերազմի տարելիցին նվիրված հարցազրույցում ասել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը՝ ընդգծելով, որ պետք է նկատի առնել ադրբեջանական կողմի սպառազինությունների շարունակական ավելացումը: «Հակառակորդն ամեն օր ձեռք է բերում նոր նմուշներ, ամեն օր ընդլայնում է իր զինանոցը, ամեն օր իրականացնում է դրանց յուրացման պարապմունքներ, դրա համար ընդգրկում է հրահանգիչներ տարբեր երկրներից, որի համար, իհարկե, վճարում է։ Չեմ կարծում, որ այդքանն արվում է խաղաղության համար»,- ասել է նա։ Լեւոն Մնացականյանը համարում է, որ Արցախի անկախությունը դե յուրե հաստատելու համար, ըստ ամենայնի, լինելու է պատերազմ․ «Ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի, եւ մեր պարագայում ավելի շատ հակված եմ ասելու, որ պատերազմ լինելու է, որովհետեւ, վերջիվերջո, անկախությունը դե ֆակտո կա, պետք է հաստատվի նաեւ դե յուրե, եւ մենք գիտենք, որ մյուս կողմը դրա համաձայնությունը չի տա, եւ պետք է հարցը լուծվի։ Հարցի լուծման միակ ճանապարհը, կարծում եմ, ռազմականն է, եւ պետք է պատրաստվենք մարտական գործողությունների։ Վաղ թե ուշ այդ գործողությունները կլինեն»։ Օրեր առաջ էլ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր հայտարարել, որ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը պետք է վերաձեւակերպել «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձեւի։


Այսպիսով, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են հակամարտության կողմերին կոչ անել պատրաստվել խաղաղության, Հայաստանի քաղաքական դիսկուրսում քննարկվում է պատերազմի հնարավորությունը։ Եվ այս հայտարարությունները, այս մոտեցումներն իրավիճակին միանգամայն համարժեք են թե՛ ձեւով, թե՛ բովանդակությամբ։ Հաշվի առնելով Ադրբեջանի վարքագիծը, Հայաստանն ու Արցախն այլ տարբերակ չունեն, քան մշտապես պատրաստ լինել պատերազմի։ Եվ եթե իրավիճակային՝ կարճաժամկետ առումով այս թեզը միանգամայն տեղին է թվում, ապա այլ է պատկերը, երբ խնդրին նայում ենք երկարաժամկետ հեռանկարում։ Եվ այդ դեպքում առաջանում է հարց՝ որքանո՞վ է Հայաստանը՝ իր այսօրվա պետական կառավարման համակարգերով, համապատասխան ինստիտուտներով ու կառույցներով, քաղաքական-հանրային հարաբերությունների որակով, բարոյահոգեբանական մթնոլորտով, պատրաստ պատերազմին, պատրաստ ոչ միայն՝ ուղղակի պատրաստ լինելու, այլ՝ պատերազմին դիմակայելու ու պատերազմում հաղթելու տեսանկյունից։ Ահա այս եւ դրանից բխող մի շարք այլ հարցադրումների պարագայում պատասխաններն այնքան էլ միանշանակ չեն հնչում։ Այն անլրջությունը, կադրային տապալված այն քաղաքականությունը, որն առկա է պետական կառավարման համակարգում, ստիպում են այդ հարցադրումներին տարակուսանքով վերաբերվել։ Որովհետեւ պատերազմը չեն վարում միայն զինված ուժերը, պատերազմը վարում եւ հաղթում են պետությունները՝ բանակի ամուր թիկունքով ու հզոր տնտեսությամբ։ Իսկ տնտեսության մեջ անցած մեկ տարվա ընթացքում, բացի տնտեսական հեղափոխության մասին հռչակագրից, մենք որեւէ առարկայական տեղաշարժ չունենք։ Այնպես որ, այո՛, պետք է պատրաստվել պատերազմին։ Բայց դրան պետք է պատրաստվել ոչ միայն՝ զինված ուժերի մարտունակության բարձրացմամբ, այլ նաեւ՝ պետությունը հզորացնելով։ Այն, ինչը Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում։ Հուսանք՝ առայժմ չի հաջողվում»:


«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ գլխավոր դատախազը անշարժ եւ շարժական գույք չունի: 2018թ. հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցը կազմել է 8 000 000 ՀՀ դրամ: Նշված հարկային տարում Ա. Դավթյանի եկամուտների հանրագումարը կազմել է 13 530 881 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է երկու աշխատավարձերից: Առաջինի դեպքում եկամուտը կազմել է 13 245 751 ՀՀ դրամ, երկրորդի դեպքում՝ 285 130 ՀՀ դրամ: Ինչպես 2018թ.-ին, այնպես էլ 2017թ. հարկային տարում Ա. Դավթյանի դրամական միջոցը 8 000 000 ՀՀ դրամ էր կազմել: Այդուհանդերձ, 2017թ. հայտարարագրում Ա. Դավթյանի եկամուտների հանրագումարն ավելի մեծ թիվ էր կազմել՝ 15 809 013 ՀՀ դրամ: Ի տարբերություն 2018թ. տարեկան հայտարարագրի, գլխավոր դատախազը 2017թ. հայտարարագրում նշել էր նաեւ այլ եկամտի մասին, որը կազմել էր 1 750 000 ՀՀ դրամ: Նախորդ հայտարարագրում առկա էր նաեւ 2017թ. հարկային տարում 43 000 000 դրամ արժողությամբ առանձնատուն, ինչպես նաեւ հողամաս, որը 2017թ. հարկային տարում օտարվել է 102 445 ՀՀ դրամով: Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնել է 2016 թվականից»: