23.11.2024
Հետհեղափոխական էյֆորիան ձևավորեց «փաշինյանական խորհրդարան»
prev Նախորդ նորություն

Հակառուսականությունը դիվիդենտներ չբերեց. «Սասնա ծռերը» կփորձեն ռևանշի հասնել Արցախո՞ւմ

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Սասնա ծռեր» կուսակցությունը հավաքեց 1,82 տոկոս (22862): Պետք է հստակ նշել, որ վերջերս քաղաքական ուժի վերածված այս թիմի դեմ աշխատեցին մի քանի գործոններ:


Առաջինը. հստակ ու կոշտ հակառուսական ուղղվածությունը: Այդ ուժի ներկայացուցիչները հանդես էին գալիս ՌԴ-ի ռազմաբազայի դուրս բերման, ՌԴ-ից կախվածության թուլացման և Արևմուտքի հետ ավելի սերտ կապերի հաստատման օգտին:


«Սասնա ծռերի» հենց հակառուսականությունն իրենցից վանեց էլեկտորատի մի զգալի հատվածի: Հայ հասարակության մեջ ՌԴ-ի դեմ ուղղված հստակ կոչերը դրական չեն ընկալվում` դա արդեն մեսիջ է հայաստանյան քաղաքական բոլոր ուժերին: Հակառուսականությունն էլեկտորալ դիվիդենտներ չի բերում:


Բացի այդ, «Սասնա ծռերը» ՊՊԾ-ի գնդի գրավման ժամանակ, որը կարելի է որակել, որպես ահաբեկչություն, սպանել էին ոստիկանների` հայ սպայի արյուն թափած քաղաքական ուժին հասարակությունը չցանկացավ տեսնել գալիք ԱԺ-ում:


Հիշեցնենք, որ «Սասնա ծռերը» կուսակցություն է դարձել վերջերս` դեռ չհասցնելով հասարակության մեջ ընկալվել, որպես քաղաքական ուժ:


«Սասնա ծռերը» հնարավոր է իր պարտությունը ՀՀ-ում փորձի կոմպենսացնել Արցախում` հեղափոխական պրոցեսներ հրահրելով ու փորձելով հասնել ԼՂՀ-ում իշխանափոխության, ինչը կրկնակի անգամ վտանգավոր է Ադրբեջանից ամեն պահի հարձակման վտանգի պարագայում:


Պատերազմող Արցախ հեղափոխության արտահանումը դավաճանություն է և կարող է Բաքվի համար քարթ-բլանշ հանդիսանալ պատերազմ սկսելու համար:


ՀՀ-ում տեղի ունեցած ԱԺ ընտրություններում անցումային շեմը հաղթահարելուն շատ մոտ էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը չորրորդ հորիզոնականում է ձայների 4,7 տոկոսով (59059 ձայն)։


Տարիներ շարունակ իշխանություն ներկայացնող քաղաքական ուժը չկարողացավ անցնել նոր խորհրդարան: Կուսակցությունը դեռևս հանդես չի եկել հայտարարությամբ, հնարավոր է նրանք չընդունեն ընտրությունների արդյունքներն ու բողոքարկեն դրանք, սակայն փաստ է, որ նոր խորհրդարանում նրանք այս պահին չկան և փաստացի զբաղեցնելու են արտախորհրդարանական ուժի դերակատարում:


ՀՀԿ-ն երկար քննարկումներից հետո որոշում կայացրեց մասնակցել ԱԺ ընտրություններին ու հանդես եկավ իր քաղաքական թիմով կամ քաղաքական դեմքերով:


ՀՀԿ-ի ցուցակը ներակայացնում էին այն մարդիկ, ովքեր մասնակից չեն եղել տոտալ թալանին, կոռուպցիային ու նրանց դեմ քրեական գործեր չկան, սակայն հասարակությունն այդ կուսակցությունն ասոցացնում էր նախկին ռեժիմի բոլոր թերությունների հետ ու ՀՀԿ-ի դեմ էր ուղղված ոչ միայն հասարակության նեգատիվը, այլև Նիկոլ Փաշինյանի, ով վայելում է հասարակության լիարժեք վստահությունը: ՀՀԿ-ին քննադատում էին նաև մյուս քաղաքական ուժերը, ովքեր մասնակցում էին ԱԺ ընտրություններին:


Տոտալ ատելության, նեգատիվ վերաբերմունքի պարագայում գրանցված այս արդյունքն այդքան էլ վատ չէ: ԱԺ անցնելու համար նրանց ընդամենը մի քանի տոկոս չի բավարարել:


ՀՀԿ-ն հանդես էր գալիս նոր դերում` ընդդիմության, զրկված լինելով ֆինանսական` կաշառք բաժանելու, վարչական` պետական ու ուժային ապարատներն օգտագործելու հնարավորություններից: ՀՀԿ-ն ասոցացվում էր այդ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ, ում հասարակությունը թավշյա հեղափոխության ընթացքում մերժել էր և ահա այս ընտրություններին հասարակության մեծամասնությունը մերժեց նաև նրա կուսակցությանը:


Սակայն ՀՀԿ-ն շատ սուր էր քննադատում Նիկոլ Փաշինյանին` թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության համար ու այդ ուժի բացակայությունն ԱԺ-ում խորհրդարանական աշխատանքի արդյունավետության վրա ազդելու է:


ՀՀԿ-ն շատ լավ գիտի այս երկրի թերությունները, ունի անցած բավականին հարուստ քաղաքական ճանապարհ ու փորձ արտաքին հարաբերություններում ու նրանց ԱԺ-ում լինելը կարող էր որոշակի բալանս ստեղծել փաշինյանական խորհրդարանում:


Ինչ վերաբերվում է ՀՅԴ-ին, ապա իրոք ցավալի է, որ դարավոր պատմություն ունեցող, ազգային խնդիրներ բարձրացնող և Սփյուռքի հետ կապող օղակ հանդիսացող գաղափարական կուսակցությունը տեղ չունի այս խորհրդարանում:


ՀՅԴ-ն միշտ էլ ունեցել է իր հստակ արտաքին քաղաքական տեսլականը` Հայոց ցեղասպանության, Թուրքիայի հետ հարաբերությունների, Արցախի հարցում: Նոր խորհրդարանում այս վակուումը բարդ է ասել, թե որ քաղաքական ուժը կարող է լցնել, քանի որ ՀՅԴ-ն ունի նաև լայն ցանցային կապեր ԱՄՆ-ում, ԵՄ-ում, Մերձավոր Արևելքում:


ՀՅԴ-ն վերջին շրջանում սուր քննադատության էր ենթարկում Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին, դա նույնպես ազդեց այս ընտրությունների ելքի վրա: Հնարավոր է այս քննադատությունն ի վնաս հենց Դաշնակցության աշխատեց և նրանց «թույլ չտվեցին» անցնել նոր խորհրդարան: Մինչդեռ  Փաշինյանին հստակ ու միանշանակ աջակցելու պարագայում, ինչպես դա անում էր ԲՀԿ-ն, դաշնակցականները հայտնվելու էին նոր խորհրդարանում:


ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն, փաստորեն, երկար տարիներ լինելով իշխանություն ու իշխանական համակարգի մաս, այս պահին հայտնվում են նոր կարգավիճակում` արտախորհրդարական ուժերի, ովքեր հնարավոր է մոտ ապագայում միավորեն իրենց շուրջ Փաշինյանից դժգոհ հասարակության հատվածն ու հանդես գան միասնական ճակատով: