Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ձայների 70,43 տոկոսով (884456 ձայն) հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Երկրորդ տեղը ձայների 8,27 տոկոսով (103824) զբաղեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին։
Ձայների 6,37 տոկոսով մեկ այլ աջակից ուժ՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան» կուսակցության, զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։
Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ այս կարճ նախընտրական քարոզարշավի ժամանակ առաջին հերթին մեծ դերակատարում է ունեցել հետհեղափոխական էյֆորիան, որը ժողովրդի մոտ այդպես էլ չի անցել ու հասարակության մեծամասնությունը ձայնը տվել է անձամբ Նիկոլ Փաշինյանին, քանի որ «Իմ քայլը» ցուցակի մեծամասնությունը հայտնի չէ հանրությանը, հատկապես մարզի բնակիչների համար: Դաշինքը հաղթեց առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշի, հռետորական արվեստի ու ճիշտ մշակված քարոզչության շնորհիվ: Փաշինյանի հաղթանակին նպաստել է նաև այն հանգամանքը, որ ակտիվացավ նախկին իշխանական ՀՀԿ-ն, որը հանդես եկավ քաղաքական դեմքերի մակարդակով` ցուցակը գլխավորում էր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
Փաշինյանի համար ՀՀԿ-ին հարվածելու, նախկին բոլոր սխալների մեջ մեղադրելու և սև-սպիտակ տրամաբանության մեջ անցկացվող քարոզարշավը ձեռնտու էր: Ընտրողները չտեսան գաղափարական պայքար` ծրագրեր և ապագայի տեսլական չներկայացվեց, պայքարը սահմանափակվեց, անգամ հեռուստաբանավեճերի ընթացքում, միմյանց մեղադրելով:
Ընտրություններն անցան առանց վարչական ռեսուրսների, ընտրակաշառքների կիրառման, չկար վախի մթնոլորտ՝ ընտրողներն իսկապես կատարել են իրենց ընտրությունը: Բայց, կրկնենք, հեղափոխական շունչը դեռ թարմ էր և Փաշինյանի ելույթներն՝ ազդեցիկ:
Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ին, ապա այդ կուսակցությունն ունի աջակիցների հստակ թիմ, հատկապես մարզերում, որոնք էլ իրենց ձայնը տվեցին կոնկրետ Գագիկ Ծառուկյանին, ով էլ կատարեց լոկոմոտիվի դեր: ԲՀԿ-ն` ի դեմս Ծառուկյանի, ունի ֆինանսական, վարչական, տեղեկատվական ռեսուրսներ, կուսակցական գրասենյակների մեծ ցանց, երիտասարդական թև և այլն: Այդ բոլորը միասին, և առաջին հերթին Ծառուկյանի անձնական մեծ վարկանիշը հասարակության շրջանում, ինչպես նաև այն, որ Ծառուկյանը հեղափոխության օրերին և դրանից հետո աջակցեց Փաշինյանին, խաղացին իրենց որոշիչ դերը:
Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, պետք է նշել, որ այն ի սկզբանե Նիկոլ Փաշինյանի թիմակիցն ու աջակիցն էր, սակայն որոշեց ընտրություններին գնալ առանձին, ինչը նույնպես հարկ է դիտարկել որպես տեխնոլոգիա: Այդ դեպքում Փաշինյանը կարող էր հավաքել անգամ 90 տոկոս ձայն, սակայն այդպիսի ցուցանիշներ չէին ընկալվի միջազգային դիտորդների կողմից: Այդ պատճառով Փաշինյանի թիմակիցների մի մասն ընտրություններին մասնակցեց ԼՀԿ-ի ցուցակով ու անցավ խորհրդարան` նույնպես հետհեղափոխական էյֆորիայի ու Փաշինյանին աջակցելու շնորհիվ: Այդ ցուցակում ընդգրկված մարդիկ երիտասարդներ են, ընդդիմադիր ճանապարհ անցած և հասարակության ընկալման մեջ ներգրավված չեն եղել կոռուպցիայի, թալանի մեջ և չեն ասոցացվում նախկին իշխանությունների հետ:
Այսինքն, ԼՀԿ-ն իր կողմ տարավ նաև այն ձայները, որոնք էլեկտորատի չկողմնորովշած հատվածը կարող էր տալ կա՛մ ՀՀԿ-ին, կա՛մ ընդհանրապես չմասնակցեր ընտրություններին:
Այսպիսով, առաջիկա խորհրդարանը կարելի է անվանել «փաշինյանական խորհրդարան»` առանց որևէ լուրջ ընդդիմության: ԱԺ են անցել այն ուժերը, որոնք այս կամ այն կերպ աջակցել են թավշյա հեղափոխությանն ու կանգնել Փաշինյանի կողքին:
ԱԺ-ում ուժեղ, կոշտ, սակայն կառուցողական ընդդիմության բացակայությունն ազդելու է խորհրդարանի աշխատանքների թե՛ որակի, թե՛ բովանդակության վրա: